Լավրովը մոլորեցնում է. ՀԱՊԿ-ը պատրաստակամություն չի հայտնել «ճիշտ նույն կերպ» օգնել Հայաստանին

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 17-ին ռուսական «Ցարգրադ» լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը պատրաստ է եղել «ճիշտ նույն կերպ» օգնել Հայաստանին, ինչպես 2022-ի հունվարին օգնել էր Ղազախստանին։

«ՀԱՊԿ-ը ապացուցեց իր կենսունակությունը, երբ 2022-ի հունվարին Ղազախստանը օգնություն խնդրեց։ Մենք արդյունավետ աշխատեցինք։ […] Մենք պատրաստ էինք ճիշտ նույն կերպ օգնել նաև ՀԱՊԿ նույնպիսի անդամ Հայաստանին»,- ասել է Լավրովը։

ՌԴ արտգործնախարարը նաև նշել է, որ հայկական կողմն է 2022-ի աշնանը անցկացված ՀԱՊԿ նիստում հրաժարվել Հայաստանում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելուց։

«2022-ի աշնանը կազմակերպության երևանյան գագաթնաժողովին փաստաթուղթ էր պատրաստվել Հայաստանի տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու վերաբերյալ՝ համաձայն մեր հայ դաշնակիցների խնդրանքին»,- նշել է Լավրովը։

Լավրովի համեմատությունը մոլորեցնող է

2022-ի հունվարի 6-ին Ղազախստան ուղարկվեցին ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ երկրում բռնկված ցույցերի և զանգվածային անկարգությունների արդյունքում ստեղծված իրավիճակի կայունացման նպատակով՝ Ղազախստանի նախագահի պաշտոնական դիմումի հիման վրա։ Այդ ժամանակ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդը նախագահում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն էլ հայտնել էր Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշման մասին։

Միացյալ զորախումբը, որը բաղկացած էր մոտ 2030 զինծառայողից և 250 միավոր տեխնիկայից (այդ թվում՝ ծանր ռազմատեխնիկա), ուղարկվել էր կազմակերպության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ Ղազախստանի դիմումի հաջորդ իսկ օրը։

Միաժամանակ, Հայաստանի տարածքի նկատմամբ 2021-ի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022-ի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ-ը Հայաստան ռազմական ուժ կամ խաղաղապահ զորախումբ ուղարկելու պատրաստակամություն չի հայտնել՝ չնայած հայկական կողմի պաշտոնական դիմումներին։ Օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին երկու տարի շարունակ չեն հայտարարել նաև կազմակերպության անդամ երկրները՝ այդ թվում Ռուսաստանը։

Այսպես, 2022-ի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի կողմից ի աջակցություն Հայաստանի ռազմական ուժ կիրառելու կամ խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին խոսք չկա։ «Ո՛չ երեկ, ո՛չ այսօր և, կարծում եմ, ո՛չ էլ մոտ ապագայում»,- ասել էր նա։

Ի տարբերություն Ղազախստանին տրամադրած ռազմական օգնության՝ Հայաստանին առաջարկվել է տեղակայել ընդամենը դիտորդական առաքելություն, ինչի մասին իր խոսքում նշում է նաև Սերգեյ Լավրովը։

2022-ի Երևանում անցկացված Հավաքական անվտանգության խորհրդում ներկայացվեց «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, որը Հայաստանը չստորագրեց, այն ևս ներառում էր միայն դիտորդական առաքելության տեղակայում և որոշ ռազմատեխնիկական օգնություն (առանց հստակ ցանկի

Ընդ որում, ինչպես բազմիցս հայտարարել է հայկական կողմը, ՀԱՊԿ-ը չի ճանաչել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները և չի ընդունել ադրբեջանական ագրեսիայի և Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ քաղաքական հայտարարություն, ինչն էլ Հայաստանի կողմից նախագիծը մերժելու պատճառ է հանդիսացել։

Մինչ օրս ՀԱՊԿ-ը և դրա անդամ մյուս պետությունները որևէ կերպ չեն դատապարտել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան՝ բոլոր դեպքերում Հայաստանի վրա հարձակումները որակելով որպես սահմանային միջադեպ։

Այսպիսով, ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովի հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ը պատրաստ է եղել Ղազախաստանի օրինակով «ճիշտ նույն կերպ» օգնել Հայաստանին, մոլորեցնող է

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին նույնանման մոլորեցնող պնդումներ էր հնչեցրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արմեն Ռուստամյանը։

Մեկնաբանել