ՊՆ-ին ամրացված հողամասը 2011-ին օտարվել է ԳՇ պետի տեղակալին, պատճառվել է 255մլն դրամի վնաս

Դատախազությունը հայտնում է, որ պաշտպանության նախարարությանն ամրացված հողամասը 2011-ին օտարվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալին, պետությանը պատճառվել է ավելի քան 255 մլն դրամի վնաս։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը, 2011-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, խախտելով մի շարք օրենսդրական պահանջներ ու կարգավորումներ, ուղղակի վաճառքի եղանակով Դավիթ Բեկ փողոցի 155/3 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 12,500 քմ հողամասը 87 մլն դրամով վաճառել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա.Փ.-ին (Արշալույս Փայտյան – խմբ․): Պարզվել է, որ Ա.Փ.-ն 2012-ի փետրվարի 3-ին վերոնշյալ հողամասը գրավադրել է 300 հազար ԱՄՆ դոլարով՝ ձեռքբերման գնից շուրջ 40 մլն դրամով թանկ: Այնուհետև` 2012-ի դեկտեմբերի 26-ին, 12,500 քմ հողամասը գրավադրվել է 270 հազար ԱՄՆ դոլարով և 342,3 մլն դրամի պարտքի դիմաց հանձնվել է բանկին՝ որպես սեփականություն: Արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 255,3 մլն դրամի վնաս»,- ասված է հաղորդագրությունում։

2023-ի մայիսի 11-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք):

Մեկնաբանել