Եվրոպայի հայերի համագումարն ինքնազսպումի կոչ է ուղղել Թուրքիային

«Կո՛չ Եվրամիության նախագահությանը, Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցչին, միջազգային հանրային կարծիքին

Սիրիայի տագնապում, Թուրքիայի կողմից ընդդիմադիր ուժերին նեցակցելու և հովանավորելու անվան տակ տրամադրվող զենք ու զինամթերքը առատորեն անցնում է այլ երկրներից տարածաշրջան ներխուժած ֆունդամենտալ ծայրահեղական տարրերի ձեռքը, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել տեղի քրիստոնյա փոքրամասնությունների մոտ:

Ամենօրյա վայրագությունների և դաժանությունների մասին տարածվող լուրերին զուգահեռ, ծայրահեղական խմբերի կողմից հայ և այլ քրիստոնյա փոքրամասությունների կյանքին սպառնացող հայտարարությունները ապացուցում են ստեղծված կացության լրջության աստիճանը:

Եվրոպայի Հայերի Համագումարը անզեն ու խաղաղ բնակչության կյանքին սպառնացող վտանգի նկատմամբ հայտնում է խոր մտահոգություն և հայտարարում.

– Հայոց դեմ կատարված ցեղասպանությունը ժխտող ներկայիս դավանանքային իշխանությունները շարունակում են իրենց նախորդների ռասիստական քաղաքականությունը և անմիջական պատասխանատուն են լինելու սիրիահայ և այլ քրիստոնյա համայնքների դեմ ուղղվող հավանական որևէ անախորժ ոտնձգության համար: Հետևաբար, զգուշացնելով իրենց կատարածի վտագնավոր հետևանքների մասին, զգաստության և ինքնազսպումի կոչ ենք ուղղում թրքական իշխանավորներին, չհրահրելու լարվածությունները և կրոնական կրքերր:

– Եվրախորհրդարանի նախագահ՝ պարոն Մարթին Շուլթսին, Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ՝ տիկին Քեթրին Էշթոնին, ինչպես նաև Եվրամիության հանձնաժողովին կոչ ենք ուղղում՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար ինչպես Թուրքիայի, այնպես և ցավոք եվրոպական որոշ պետությունների կողմից Սիրիական հարցում իրենց թույլ տված կամ քաջալերական որոշակի քաղաքականության հետևանքով հայ և այլ քրիստոնյա փոքրամասնությունների կյանքին ուղղված մասսայական մասշտաբով վտանգավոր իրադրության հետևանքները:

– Կո՛չ ենք ուղղում նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար պարոն Պան Գի Մունին, միջոցներ ձեռնարկել՝ կանխելու թուրքական իշխանությունների կողմից ծայրահեղական խմբերին սպառազինելու վտանգավոր գործունեությունը:

Եվրոպայի Հայերի Համագումարը իր զորակցությունն է հայտնում ՄԱԿ-ի շրջանակներում տարվող բոլոր ջանքերին՝ մարդկային կյանքերի առավել կորստի և գաղթականության նոր ալիքի առաջն առնելու և ստեղծված կացությունը խաղաղորեն կարգավորելու ուղղությամբ»,- նշված է Եվրոպայի հայերի համագումարի կայքում:

Մեկնաբանել