Ռեալը նվաճում է Իսպանիայի սուպերգավաթը

Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացավ Իսպանիայի սուպերգավաթի պատասխան խաղը: «Ռեալին» միայն հաղթանակը կարող էր առաջին տիտղոսը բերել մրցաշրջանում:«Բարսելոնան» էլ պետք է պարզապես չպարտվեր:

Առաջին իսկ րոպեներից «Ռեալը» մեծ ճնշում գործադրեց ու արդեն 11-րդ րոպեին Իգուաինը բացեց խաղի հաշիվը: 8 րոպե անց Կրիշտիանո Ռոնալդուն հիանալի հնարքով շրջանցեց Խերարդ Պիկեին ու հաշիվը դարձրեց 2-0: Դրանից հետո Ռոնալդուն կարողացավ նաև մրցակցի պաշտպանին կարմիր քարտի հասցնել: Ադրիանոն կարմիր քարտի գնով կանգնեցրեց պորտուգալացուն, ով մեն մենակ էր դուրս գալիս Վալդեսի դեմ: Միայն խաղակեսի վերջում Լեո Մեսսին կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը՝ 2-1:

Երկրորդ կեսն անցավ շատ լարված ու հետաքրքիր պայքարում, բայց նոր գոլեր չգրանցվեցին: «Ռեալը», ցուցադրելով պարզապես ֆանտաստիկ խաղ առաջին կեսում ու հանգստացնելով խաղը երկրորդում, կարողացավ նվաճել Իսպանիայի սուպերգավաթը:

Մեկնաբանել