Վրացիները բողոքում են Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնման դեմ

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի մայրաքաղաքում այս շաբաթ չորս ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու ծրագրերի։ Ցուցարարները, որոնք դեմ են այս ծրագրերին, մտահոգություն են հայտնել Վրաստանի՝ ԵՄ ինտեգրման հեռանկարների և Ռուսաստանի հետ երկրի մերձեցման վերաբերյալ:

Երկուշաբթի խորհրդարանի մոտ տեղի ունեցած առաջին ցույցից հետո երեքշաբթի Թբիլիսիում անցկացվել է երեք բողոքի ցույց։ Դրանց մասնակցում էին հազարավոր մարդիկ, որոնք կառավարությանը կոչ էին անում չեղարկել Ռուսաստանի հետ առևտրային թռիչքների վերականգնմանը հավանություն տալու որոշումը: Առաջին ցույցը կազմակերպել էր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երիտասարդական թևը, երկրորդ «պերֆորմանս-ցույցն» անցկացրել է «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը, իսկ երրորդը, որն ունեցել է ամենաշատ մասնակիցները, կազմակերպել էին լիբերալ և ընդդիմադիր խմբերը։

Բողոքի ակցիա՝ Թբիլիսիում Georgian Airways ավիաընկերության գրասենյակի մոտ, ցուցարարները պարզել են միջնամատերը, 16 մայիսի 2023թ․։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձե-ի/OC Media։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ռուսաստանի կառավարությունը հանեց դեպի Վրաստան ավիահաղորդակցության արգելքը, ինչպես նաև չեղարկեց վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար։ Ռուսաստանից Վրաստան առաջին չվերթը նախատեսված է ուրբաթ։

Երեքշաբթի ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով խոսնակ Փիթեր Սանոն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ուղիղ թռիչքներ վերսկսելու՝ Վրաստանի կառավարության պատրաստակամությունը «շատ ցավալի է»։ Նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը զգուշացրել էր, որ վրացական օդանավակայանների ընկերությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների, «եթե սպասարկեն ներմուծման և արտահանման հսկողության տակ գտնվող ինքնաթիռներ»:

Ցույցերից մեկը խորհրդարանի շենքի մոտից տեղափոխվել է «Վրացական ավիաուղիներ» ընկերության գրասենյակ։ Ընկերությունը երեքշաբթի հաստատել է, որ մայիսի 20-ից սկսելու է շաբաթը յոթ անգամ Թբիլիսի-Մոսկվա ուղիղ չվերթեր իրականացնել։

Երեքշաբթի երեկոյան, երբ ցուցարարները ցրվել էին ընկերության գրասենյակի մոտից, «Վրացական ավիաուղիներ»-ը անմիջապես արձագանքել է բուռն հայտարարությամբ, որը հրապարակվել է «անձնակազմի անունից»։ Հայտարարությունում ցուցարարներն անվանվում էին «ավազակներ» և «ծիծաղելի ոչնչություններ», որոնցից պահանջվում էր «հեռու պահել իրենց կեղտոտ ձեռքերը «Վրացական ավիաուղիներ»-ից»։

«Երկակի ստանդարտներ»

Բողոքի ցույցերից մեկ օր անց «Վրացական ավիաուղիներ»-ի գործադիր տնօրեն Թամազ Գաիաշվիլին դժգոհել է «փոքր Վրաստանի և դրա փոքր ավիաընկերության» նկատմամբ «երկակի ստանդարտների» կիրառումից, մինչդեռ Թուրքիային, Իսրայելին, արաբական երկրներին, Հայաստանին և Ադրբեջանին թույլատրվում է ավիահաղորդակցություն ունենալ Ռուսաստանի հետ՝ միաժամանակ մնալով «ԱՄՆ-ի և ԵՄ-ի ռազմավարական գործընկերներ»։

Գաիաշվիլին նաև պնդել է, թե Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիաները վրացական կառավարությանն արատավորելու փորձ էին։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նույնկերպ է արտահայտվել։

Երեքշաբթի երեկոյան կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն դժգոհել է, որ Վրաստանի հետ անարդար են վարվում՝ ի տարբերություն Մոլդովայի, որը, ըստ նրա, «զգույշ [արտաքին] քաղաքականություն է վարում, սակայն […] բոլորը դրան ըմբռնումով են մոտենում»։

Ի տարբերություն Վրաստանի, Մոլդովան Ուկրաինայի հետ միասին հասավ նրան, որ անցած տարվա հունիսին ստացավ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, ինչը մտավախություն է առաջացրել, որ Վրաստանն այս երկրներից հետ է մնում ԵՄ-ին անդամակցելու իր ձգտումներում։

«Նրանք ըմբռնումով են մոտենում Մոլդովայի զգուշավորությանն ու պրագմատիզմին, բայց չեն հանդուրժում, եթե մենք անում ենք դրա կեսը։ [Սրա համար] միայն մեկ պատճառ կա. սա պատերազմի գլոբալ կողմ է, որը Վրաստանից բոլորովին այլ բան է ակնկալում»,- երեքշաբթի Վրաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պնդել է Կոբախիձեն:

Անցած տարվա ընթացքում Վրաստանի կառավարությունը պարբերաբար խոսել է դավադրության մասին՝ նշելով, թե կա «պատերազմի գլոբալ կողմ», որը ենթադրաբար ձգտում է Վրաստանին մղել Ռուսաստանի հետ «պատերազմի երկրորդ ճակատը բացելուն»:

Նույն հարցազրույցում «Վրացական երազանք»-ի նախագահն ԱՄՆ-ին քննադատել է վիզային խիստ ռեժիմ պահպանելու և դեպի Վրաստան ուղիղ չվերթեր չունենալու համար, հարցեր, որոնք հնչում են կառավարության աջակիցների կողմից այն պահից, երբ մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշեց վերացնել ավիահաղորդակցության արգելքը։

Թամար Չերգոլեիշվիլին և մյուսները Թբիլիսի-Մոսկվա ավիատոմսերով պատրաստված ինքնաթիռներ են նետում դեպի կառավարության շենք։ Լուսանկարը՝ Շոթա Կինչայի,/OC Media։

Քաղաքացիական կրթության հիմնադրամի տնօրեն Թամար Չերգոլեիշվիլին, երեքշաբթի ելույթ ունենալով «Եվրոպական Վրաստան» կուսակցության կազմակերպած «Իվանիշվիլիի ռեժիմի համար միակողմանի տոմս դեպի Մոսկվա» խորագրով պերֆորմանս-ցույցի ժամանակ, դատապարտել է իշխող կուսակցության հռետորաբանությունը։

«Նրանք ցանկանում են [վերսկսել թռիչքները, որպեսզի] շանտաժի ենթարկել մեր արևմտյան գործընկերներին […] Թող Ամերիկան ևս մեզ հետ առանց վիզա [ռեժիմ] մտցնի, ասում են նրանք։ Նրանք ցանկանում են դա օգտագործել՝ Վրաստանի ազգային, պատմական առաքելության ճանապարհին իրենց ձախողման հետևանքով առաջացած վնասը վերահսկելու համար, այն բանից հետո, երբ նրանք [ԵՄ անդամության թեկնածուի] կարգավիճակ չստանան»,- պնդել է Չերգոլեիշվիլին:

Ակնկալվում է, որ ԵՄ-ն այս տարվա վերջին կվերանայի Վրաստանի անդամակցության հայտը, այն բանից հետո, երբ անցյալ տարի հայտարարեց, որ Վրաստանն իր նպատակին հասնելու «հեռանկար» դեռ ունի՝ առանցքային բարեփոխումների ենթարկվելու դեպքում:

Իշխանության քննադատները ենթադրում են, որ Վրաստանի կառավարությունը հեռանում է ԵՄ-ից՝ հօգուտ Ռուսաստանի հետ ավելի սերտ կապերի:

Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունների ջերմացման ներուժի մասին լրագրողի հարցին ի պատասխան Կոբախիձեն երեքշաբթի հայտարարել է, թե քանի դեռ պահպանվում են Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության «լուսանցքները», Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնումից բացի «հնարավոր է քննարկել այլ տարբեր հարցեր»։

«Պատժամիջոցների չենթարկված»

Ավիահաղորդակցությունը վերականգնելու մասին Կրեմլի հայտարարությունից հետո Վրաստանի կառավարությունն ընդգծել է, որ իրենք չեն համագործակցի միջազգային պատժամիջոցների ենթարկված ռուսական ավիաընկերությունների հետ, ինչը վերահաստատել է Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։

Գործակալությունը չի պատասխանել OC Media-ի հարցմանը, թե գործնականում դա ինչ է նշանակում:

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից անմիջապես հետո արևմտյան երկրների մեծ մասը փակեց իր օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար, դադարեցրեց Ռուսաստանին վարձակալությամբ ինքնաթիռների տրամադրումը և արգելեց ռուսական ինքնաթիռներին պահեստամասերի տրամադրումը:Ռոստովում տեղակայված «Ազիմուտ» ռուսական ավիաընկերությունը, որը ցանկանում է իրականացնել Ռուսաստանից դեպի Վրաստան թռիչքները, օգտագործում է ռուսական ընկերություններից վարձակալված Superjet ինքնաթիռներ, այլ ոչ թե արտասահմանյան ինքնաթիռներ, որոնք Ռուսաստանի կառավարությունն առգրավվել է պատժամիջոցների սահմանումից հետո, և, հետևաբար, ԵՄ-ի սև ցուցակում չի ներառվել:

Ցուցարարը պաստառ է պարզել՝ «Ռուսական օդանավ, գնա՛ գրողի ծոցը» գրությամբ, 16 մայիսի 2023թ․, լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Չնայած «Ազիմուտ» ավիաընկերությունը խուսափել է ԵՄ պատժամիջոցներից, ընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռները կառուցել է «Միացյալ ավիաշինական կորպորացիա»-ն․ այն ռուսական արտադրող է, որի նկատմամբ ԵՄ-ն 2022-ի մարտի կեսերին պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից կիրառվող կործանիչներն արտադրելու համար:

««Միացյալ ավիաշինական կորպորացիա»-ն պատասխանատու է նյութապես կամ ֆինանսապես աջակցելու համար այն գործողություններին, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»,- անցյալ տարի հայտարարել էր ԵՄ խորհուրդը:

Դրանից դեռ մեկ ամիս էլ չէր անցել, երբ ԵՄ-ն պատժամիջոցներ կիրառեց նաև անձամբ «Միացյալ ավիաշինական կորպորացիա»-ի նախագահ Յուրի Սլյուսարի նկատմամբ՝ որպես «ռուսական արդյունաբերության և պաշտպանության ոլորտի առաջատար դերակատարներից մեկը», որը «սերտ կապեր ունի» Ռուսաստանի կառավարության հետ:

Ուրբաթ նախատեսվում է ևս երկու բողոքի ակցիա՝ մեկը, որը կազմակերպել է ընդդիմադիր «Դրոա» («Ժամանակն է») կուսակցությունը, տեղի կունենա Թբիլիսիի օդանավակայանում, որտեղ պետք է վայրէջք կատարի «Ազիմուտ»-ի առաջին չվերթը, և մյուսը տեղի կունենա խորհրդարանի դիմաց՝ ի նշան Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու դեմ բողոքի։

Մեկնաբանել