Արցախի ԱԺ նախագահն առաջարկում է ստեղծել պետական պաշտպանության կոմիտե

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանի մայիսի 18-ի նիստի ընթացքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին կոչ է արել ստեղծել պետական պաշտպանության կոմիտե․ «Եթե այդ մոդելը չաշխատեց, հրաժարականի դիմում ներկայացրեք, պարոն նախագահ»։

«Պարոն նախագահ, ես երբեք չեմ խառնվել ձեր գործերին, դուք չեք խառնվել ԱԺ գործերին։ Ես մոդել եմ առաջարկել, որը հետևյալն է՝ ոչ թե ամորֆ մարմին եմ առաջարկել, այլ այն մարմինը, որը մեզ փրկել է 90-ականներին, դա պետական պաշտպանության կոմիտեն է։ Եվ երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում (ընդգրկել – խմբ․) երկու մարդու՝ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին։ Ես չգիտեմ նրանց կարծիքը, շատ հնարավոր է, որ հրաժարվեն։ Պարոն նախագահ, եթե այդ մոդելը չաշխատեց, հրաժարականի դիմում ներկայացրեք կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն։ Եթե ժողովուրդը ձեզ չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք»,- հայտարարել է Թովմասյանը։

Արթուր Թովմասյանը «Ազատ Հայրենիք» կուսակցության, որի նախագահը Արայիկ Հարությունյանն է, հիմնադիր անդամ է։

***

1992-ի օգոստոսին ԼՂՀ-ում ստեղծվել էր Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ), որին փոխանցվել էր ամբողջ գործադիր և մասամբ օրենսդրական իշխանությունները: ՊՊԿ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը։ ՊՊԿ-ն ստանձնել էր ԼՂՀ-ն հակառակորդից ազատագրելու, ռազմական պայմաններում ապրող երկրի ներքին կյանքը և տնտեսությունը կազմակերպելու ամբողջ պատասխանատվությունը։ 1994թ. դեկտեմբերին Գերագույն խորհդրդի որոշմամբ ԼՂՀ-ում մտցվում է նախագահական կառավարման ինստիտուտ, և առաջին նախագահ է ընտրվում ՊՊԿ-ի նախագահ Քոչարյանը:

Մեկնաբանել