Մայիսի 25-ին Մոսկվայում բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկ ենք ստացել Ռուսաստանի նախագահից, մենք ընդունել ենք այդ առաջարկը։ Այդ մասին կառավարության մայիսի 18-ի նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը հիշեցրեց, որ մայիսի 19-ին Մոսկվայում հանդիպելու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները, իսկ հունիսի 1-ին հնգակողմ հանդիպում է տեղի ունենալու Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ։
«Հնգակողմ հանդիպում նախատեսված է նաև հոկտեմբերին Գրանադայում։ Բրյուսելում հաջորդ եռակողմ (Փաշինյան-Ալիև-Միշել – խմբ․) հանդիպումը նախատեսված է հուլիսին»,- հայտնեց վարչապետը։
Փաշինյանը նկատեց է, որ հակառակ բանակցություններում որոշակի առաջընթացին, Ադրբեջանը շարուակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի հետ սահմանին․ «Նախորդ օրերին մեր սահմաններին հնչել են կրակոցներ և ունենք զոհեր։ Գլուխ խոնարհելով մեր ընկած եղբայրների առաջ, կրկին ուզում եմ ընդգծել, որ ավելի հրատապ է դառնում զորքերի հայելային հետքաշումը»։
Վարչապետի խոսքով՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը Ադրբեջանի էսկալացիոն քաղաքականության ևս մեկ դրսևորում է․ «Սա ևս մեկ անգամ ակներև է դարձնում ԼՂ-ում և Լաչինի միջանցքում միջազգային ներկայության լեգիտիմ անհրաժեշտությունը։ Մենք այս թեման քննարկում ենք բոլոր միջազգային գործընկերների հետ»։