IMF-ը հաշվետվողականության, թափանցիկության, անսահմանափակ մանդատի խնդիրներ է տեսնում ANIF-ում

Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում (ANIF) մի շարք խնդիրներ է արձանագրել, որոնք վերաբերում են հիմնադրամի անորոշ մանդատին, թափանցիկությանն ու հաշվետվողականության ցածր մակարդակին։ Այդ մասին տեղեկանում ենք կառավարության որոշումներից մեկի հիմնավորումներից։ Որոշումը վերաբերում է ANIF-ում որոշ փոփոխություններ կատարելուն։

Արժույթի միջազգային հիմնադրամն այս տարվա հունվարին առաքելություն է կազմակերպել և հաշվետվություն ներկայացրել։ Դրանում արտացոլված խնդիրներից է նաև այն, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի մանդատն ըստ էության անսահմանափակ է, որը կարող է առաջացնել շուկայի մեխանիզմների խաթարում և համահունչ չէ կառավարության տնտեսական քաղաքականությանը։ Արձանագրվել է նաև կառավարման պրակտիկաների անհամապատասխանությունը կորպորատիվ կառավարման միջազգային ստանդարտներին։

IMF-ի այս հաշվետվությունն արձանագրել է, որ 2019-ին ստեղծված ANIF-ի գործունեության նպատակների, հաշվետվողականության ու կորպորատիվ կառավարման հետ կապված հարցերը կարգավորված չեն՝ չնայած կատարված մեծածավալ ներդրումներին։ IMF-ի այս հաշվետվությունից հետո կառավարությունը որոշել է որոշակի փոփոխություններ իրականացնել ֆոնդում։

Դրանցից հիմնականն այն է, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի բաժնետոմսերը այսուհետ կկառավարվեն ոչ թե վարչապետի աշխատակազմի, այլ էկոնոմիկայի նախարարության կողմից։ Կառավարության նոր որոշումը, որ սահմանում է, թե ինչ գործունեություն կարող է իրականացնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, ֆիքսում է՝ ներդրումներ կարող են կատարվել կոնկրետ ապրանքների արտադրություն կազմակերպելու համար։ Ապահովվելու է հայկական ապրանքների արտահանում այնպիսի շուկաներ, որոնց ուղղությամբ ՀՀ-ից համախառն արտահանումը տվյալ ծրագրի իրականացմանը նախորդող 5 տարիներին չի գերազանցել 15 մլն դոլարը։ Կարգավորման մեկ այլ կետ ANIF-ին արգելում է ներդրումներ իրականացնել հանրային սննդի կազմակերպման ոլորտում։

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեության այս կետն ուղիղ հակադրության մեջ է մեկ այլ որոշման հետ, որով ANIF-ը համաֆինանսավորել է Երևանի կենտրոնում Hard Rock սրճարան-ռեստորանի ստեղծումը: Ռեստորանի համաֆինանսավորումը կազմել էր 48 տոկոսի չափով, ռեստորանի հիմնման գործըթնացում ANIF-ի ներդրման չափը կազմել էր 500 000 դոլար։

Ներկայում ANIF-ի տնօրենների խորհրդի կազմը բաղկացած է 3 անձից՝ հանձինս Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի, Իսիդորո Լուչիոլայի և Դոմինիկ դը Վիլպենի։ Առաջարկվում է խորհրդի կազմը ընդլայնել և դարձնել 7 անդամ, որոնցից 2-ը պետք է լինեն էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ։

Նոր կարգավորումները սահմանում են նաև, թե ինչ տեղեկություններ պետք է հրապարակվեն ընկերության կայքում, և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի կառավարման մարմիններից յուրաքանչյուրն ինչ ֆունկցիա ունի։

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը 2021-ից մինչև 2022-ի վերջը կառավարում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում պետությանը պատկանող բաժնետոմսերը։ Ֆոնդը համասեփականատեր է նաև «Ֆլայ Արնա» ավիաընկերությունում, համատեղ արևային էլեկտրակայան կառուցելու ծրագիր է իրականացնում «Մասդար» ընկերության հետ։ ANIF-ը համատեղ ծրագիր է իրականացրել նաև հայտնի գործարար Դավիթ Երեմյանի հետ՝ 500 000 դոլարի չափով ներդրում կատարելով բարձրորակ անասնակեր աճեցնելու և գյուղտեխնիկա ձեռք բերելու ուղղություններով։

Այս տարվա հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցություն էր կայացել ANIF-ի գործունեության հաշվետվության վերաբերյալ։ Փաշինյանը կարևորել էր ԱՆԻՖ-ի կողմից ռազմավարական նշանակության ծրագրերի, ներդրումային միջավայրի զարգացման միջոցառումների արդյունավետ իրականացումը։ Այդ խորհրդակցության ընթացքում ներկայացվել էր, որ երեք տարվա ընթացքում ֆոնդի հետ համատեղ կատարվել է 214 միլիոն դոլարի ներդրում։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել