Հումանիտար օգնության մատակարարումն Արցախ խիստ սահմանափակ է. Սամանթա Փաուեր

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ղեկավար Սամանթա Փաուերը Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ օգնության ուղարկումն Արցախ խիստ սահմանափակ է Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կոնգրեսական Քրիս Սմիթը հարց է բարձրացրել՝ արդյոք ամերիկյան որևէ օգնություն հասնում է Լեռնային Ղարաբաղ, որտեղ 120 հազար մարդ շարունակում է շրջափակման ենթարկվել Ադրբեջանի կողմից:

«Լեռնային Ղարաբաղի առնչությամբ… ինչպես հասկանում եմ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ավտոշարասյունն այսօր (մայիսի 17-ին), ըստ էության, մտել է այնտեղ, սակայն մուտքը չափազանց սահմանափակված է: Հիմնական սննդամթերքի շատ տեսակների պակաս կա», – ասել է Փաուերը:

Նա հավելել է, որ սննդամթերքը պետք է տարածաշրջան հասնի առևտրային ուղիներով, սակայն ճանապարհի արգելափակման և անցակետերի տեղադրման պատճառով դա հնարավոր չէ, հետևաբար, հնարավորության դեպքում օգնությունը տեղ են հասցնում ռուսական խաղաղապահ զորակազմը և ԿԽՄԿ-ն: Սամանթա Փաուերը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ն երկու առաքելություն է ուղարկել Արցախ՝ իրավիճակը գնահատելու համար: Նա հավելել է, որ գործակալությունը կոչ է անում ՄԱԿ-ին միջգերատեսչական առաքելություն ուղարկել տարածաշրջան՝ իրավիճակը գնահատելու համար:

Իր հերթին կոնգրեսական Բրեդ Շերմանը հարց է բարձրացրել այն մասին՝ արդյոք Արցախի շրջափակումը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից կարող է որակվել որպես ճգնաժամ, և ինչ կարող է անել ԱՄՆ ՄԶԳ-ն՝ Արցախի ժողովրդին օգնելու համար:

Դարձյալ հիշեցնելով, որ մայիսի 17-ին՝ լսումներից առաջ, ԿԽՄԿ-ի ավտոշարասյունը կարողացել է մտնել Լեռնային Ղարաբաղ, Փաուերը նաև շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղը չպետք է ստիպված լինի հույսը դնել հումանիտար շարասյուների վրա, ուստի ճանապարհի բացումը հրամայական է:

Մեկնաբանել