Սամվել Բաբայանը դեմ չէ պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու գաղափարին

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը «սկզբունքորեն դեմ չէ» պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու գաղափարին։

Սամվել Բաբայանի մամուլի ծառայության մեկնաբանությունում, մասնավորապես, ասվում է․ «Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների հայտնում ենք, որ մայիսի 18-ին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի՝ պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և Սամվել Բաբայանին այդ մարմնի անդամ առաջարկելու գաղափարին Սամվել Բաբայանը սկզբունքորեն դեմ չէ։ Առաջնորդվելով Արցախում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու մոտիվացիայով և նպատակով՝ Սամվել Բաբայանը պատրաստակամ է քննարկելու ստեղծվելիք մարմնի լիազորություններն ու գործառույթները»։

***

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանի մայիսի 18-ի նիստի ընթացքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին կոչ է արել ստեղծել պետական պաշտպանության կոմիտե․ «Եվ երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում (ընդգրկել – խմբ․) երկու մարդու՝ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին։ Ես չգիտեմ նրանց կարծիքը, շատ հնարավոր է, որ հրաժարվեն։ Պարոն նախագահ, եթե այդ մոդելը չաշխատեց, հրաժարականի դիմում ներկայացրեք կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն։ Եթե ժողովուրդը ձեզ չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք»:

1992-ի օգոստոսին ԼՂՀում ստեղծվել էր Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ), որին փոխանցվել էր ամբողջ գործադիր և մասամբ օրենսդրական իշխանությունները: ՊՊԿի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը։ ՊՊԿն ստանձնել էր ԼՂՀն հակառակորդից ազատագրելու, ռազմական պայմաններում ապրող երկրի ներքին կյանքը և տնտեսությունը կազմակերպելու ամբողջ պատասխանատվությունը։ 1994թ. դեկտեմբերին Գերագույն խորհդրդի որոշմամբ ԼՂՀում մտցվում է նախագահական կառավարման ինստիտուտ, և առաջին նախագահ է ընտրվում ՊՊԿի նախագահ Քոչարյանը:

Մայիսի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Սամվել Բաբայանի հրավիրած հանրահավաքին պահանջ է ներկայացվել Սամվել Բաբայանին նշանակել պետական նախարար՝ լայն լիազորություններով։

Մեկնաբանել