Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը հայտարարել է․ «Ցավոք, չենք կարող արձանագրել, որ Ռուսասատանը վերահսկում է Լաչինի միջանցքը»։
Եռակողմ բանակցություններին ընդառաջ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Միրզոյանը նշել է, որ Հայաստանն նպատակ ունի երկարատև խաղաղություն հաստատել տարածաշրջանում, և ինչպես միշտ, շատ կառուցողական է տրամադրված։
«Ցավոք, իրավիճակը «գետնի վրա» փոքր-ինչ այլ է, բանակցություններին զուգահեռ պարբերաբար նկատում ենք սրացումներ Ադրբեջանի կողմից, ներխուժում Հայաստանի տարածք, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումներ։ Վերջինը անցակետի տեղակայումն է Լաչինի միջանցքում՝ չնայած, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում շատ հստակ ձևակերպված են միջանցքի կարգավորումները՝ այն պետք է մնա Ռուսաստանի Դաշնության վերահսկողության ներքո։ Ցավոք, այժմ չենք կարող արձանագրել, որ Ռուսասատանը վերահսկում է Լաչինի միջանցքը»,- ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Իր խոսքում Սերգեյ Լավրովը նշել է, որ Մոսկվան պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերջնական հաստատմանը։
«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների դերը շատ նշանակալի է։ Այս համաձայնագրերը պետք է վճռորոշ նշանակություն ունենան բոլոր հարցերի վերաբերյալ լուծումներ գտնելու համար՝ ինչպես խաղաղության պայմանագրի, այնպես էլ ճանապարհների ապաշրջափակման, սահմանազատման հետ կապված։ Կարծում եմ, որ այս բոլոր ոլորտներում առաջընթացը առանցքային պայման է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար: Ռուսաստանը պատմական դեր է խաղացել այս տարածաշրջանում և ունի ամենալուրջ շահերը: Համոզված եմ, որ մեր դաշնակիցները դա հասկանում են»»,- հայտարարել է նա։
Այսօր՝ մայիսի 19-ին, Ռուսաստանի մայրաքաղաքում եռակողմ հանդիպում է կայանալու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների մասնակցությամբ։ Մինչ այդ ձևաչափով բանակցությունները Լավրովը երկկողմ հանդիպումներ է անցկացրել Բայրամովի և Միրզոյանի հետ։