Թբիլիսիում ցույց են արել Ռուսաստանից առաջին ավիաչվերթի դեմ, կան ձերբակալվածներ

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի, OC Media

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի ոստիկանությունն ուրբաթ վեց ակտիվիստի է ձերբակալել Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ, որի մասնակիցները՝ շուրջ 200 մարդ, բողոքում էին Ռուսաստանից Վրաստան առաջին ուղևորատար չվերթի դեմ:

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության իրականացրած չվերթով վերջ է դրվել երկու երկրների միջև թռիչքների շուրջ չորս տարի տևած արգելքին, որը Ռուսաստանն էր սահմանել։

Քաղաքացիները ցույցը սկսել են նախ Թբիլիսիի կենտրոնում գտնվող Առաջին հանրապետության հրապարակից, ապա ավտոշարասյունով շարժվել դեպի օդանավակայան, որտեղ ոստիկանները նրանց թույլ չեն տվել մոտենալ ժամանման տերմինալին:

Օդանավակայանից մի փոքր հեռու կանգնած՝ որոշ ցուցարարներ ներկով լի ձվեր են նետել ոստիկանների վրա, իսկ մյուսները պաստառներ են պարզել՝ «Այստեղ ձեզ չեն ողջունում» և «Ռուսաստանն ահաբեկչական պետություն է» գրություններով։ Ժամը 13:20-ի սահմաններում, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել, ցուցարարներն սկսել են վանկարկել «Պուտին Խույլո» (Վլադիմիր Պուտինին ծաղրող կարգախոս է, սկսել է կիրառվել 2014-ից Ուրաինայում և թարգմանաբար նշանակում է «Պուտինը հիմար է») և «Ռուսական օդանավ, գնա՛ գրողի ծոցը», ապա հնչեցրել Ուկրաինայի ազգային օրհներգը։


Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարի, լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Հաղորդվում է, որ ցույցի ավարտին ոստիկանությունը բերման է ենթարկել վեց ցուցարարի, որոնցից OC Media-ն նկատել է երեքին: Թբիլիսիի կենտրոնից դեպի օդանավակայան ավտոշարասյունը կազմակերպած ընդդիմադիր «Դրոա» կուսակցության նախագահ Էլենե Խոստարիային հաջողվել է խուսափել բերման ենթարկվելուց միայն ցուցարարների շնորհիվ, որոնք շարժվել են առաջ և խոչընդոտել ոստիկանների գործողությունները։

Նշանավոր ուղևորներ

Ե՛վ Վրաստանի, և՛ Ռուսաստանի իշխանությունները թռիչքների վերսկսումը որակել են որպես «մարդասիրական», այլ ոչ թե քաղաքական խնդիր։ Այնուամենայնիվ, առաջին չվերթի ուղևորների թվում էին վրացի ռուսամետ քաղաքական ակտիվիստ Դիմիտրի Լորթքիփանիձեն և «Սոցիալիստական Վրաստան» կուսակցության նախագահ, Վրաստանում Պուտինի հայտնի աջակից և պաշտպան Վալերի Կվարացխելիան։

Լորթքիփանիձեն նախկին պատգամավոր և հայտնի պահպանողական ակտիվիստ է, որը կապեր ունի վրացական ծայրահեղ աջ կազմակերպությունների հետ, վերջին տարիներին ղեկավարել է Եվգենի Պրիմակովի անվան վրաց-ռուսական հասարակական կենտրոնը։ Սա Կրեմլի հետ կապված և Թբիլիսիում գործող կազմակերպություն է, որը նպատակ է հռչակել խթանել երկու երկրների միջև կապերը։

Ե՛վ Լորթքիփանիձեն, և՛ Կվարացխելիան վերջին շաբաթվա ընթացքում հայտարարել են, թե իրենց շնորհիվ է, որ Ռուսաստանը չեղարկել է վրացիների համար մուտքի արտոնագրի պահանջը և վերացրել ավիահաղորդակցության արգելքը: Երկուսն էլ կանոնավոր մասնակցել են Մոսկվայում վրացի և ռուս քաղաքական ակտիվիստների, ինչպես նաև ռուս քաղաքական ու բիզնես առաջնորդների միջև կայացած հանդիպումներին, որոնց ժամանակ հաճախ քննարկվող թեմաներ են եղել երկու երկրների միջև օդային փոխադրումների վերականգնումը և Վրաստանի համար ՌԴ մուտքի արտոնագրի պահանջի վերացումը:

Այդ հանդիպումների շարքից են Ռուսաստանի Դումայի՝ խորհրդարանի ստորին պալատի անցկացրած հանդիպումները այս տարվա մարտին և անցած տարվա դեկտեմբերին:


Վալերի Կվարացխելիան (ձախից չորրորդը) մասնակցում է Մոսկվայում 2022-ի դեկտեմբերի 9-ի ռուս-վրացական ֆորումին: Լուսանկարը՝ komitet.info-ի։

Վալերի Կվարացխելիայի որդին՝ Դավիթ Կվարացխելիան, Aero Handling Georgia ընկերության գլխավոր բաժնետերն է։ Հենց այս ընկերությունն է ուրբաթ ռուս-վրացական առաջին ուղևորատար չվերթի վերգետնյա բեռնաթափման ծառայությունները մատուցել։ Aero Handling Georgia-ն հիմնադրվել է Վրաստանի հետ թռիչքների արգելքը վերացնելու վերաբերյալ Ռուսաստանի հայտարարությունից երեք շաբաթ առաջ։

«Վրացական պատվիրակության կազմում», ինչպես ռուսական պետական լրատվամիջոցներն են անվանել չվերթի ուղևորներին, եղել է նաև Թբիլիսիում գրանցված «Համերաշխություն հանուն խաղաղության» խմբի նախագահ Մերաբ Չիկաշվիլին:


Մերաբ Չիկաշվիլին, սքրինշոթ յութուբյան տեսանյութից։

Ժամանումից հետո լրագրողների հետ զրույցում Չիկաշվիլին շնորհավորել է վրացիներին թռիչքների վերսկսման առթիվ՝ այն որակելով որպես «հրապարակային դիվանագիտության» հաջողություն, որը «վրացիների մեծամասնության անունից» իրականացրել է Չիկաշվիլին՝ Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավարներ Լեոնիդ Կալաշնիկովի և Կազբեկ Տայսաևի հետ համատեղ։

«Ալտ Ինֆո» վրացական ռուսամետ ծայրահեղական խմբավորումը նույնպես վերջերս մասնակցել է ռուս պաշտոնյաների հետ հանդիպումներին և հայտարարել, որ իրենք ևս ունեն իրենց լուման թռիչքների վերսկսման հարցում։

Ուրբաթ օրվա դրությամբ երկու ավիաընկերություն («Ազիմուտ»-ը և «Վրացական ավիաուղիներ»-ը) է հաստատել, որ թռիչքներ կիրականացնի Վրաստանի և Ռուսաստանի միջև: Ռուսական մեկ այլ ավիաընկերություն՝ Red Wings-ը, հունիսից սկսած պատրաստվում է շաբաթական երեք անգամ իրականացնել Սոչի-Թբիլիսի-Սոչի և Մոսկվա-Քութայիսի-Մոսկվա չվերթերը:

ԵՄ-ին Վրաստանի անդամակցության «կանխամտածված սաբոտաժ»

Մայիսի 18-ին Վրաստանի քաղաքացիական հասարակության ավելի քան 140 խմբեր կառավարությանը կոչ են արել չեղարկել թռիչքների վերսկսումը թույլ տալու որոշումը, որը նրանք համարում են Վրաստանի ԵՄ անդամակցության հայտի դեմ «կանխամտածված սաբոտաժ»։

Այնուամենայնիվ, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ուրբաթ հակադարձել է աճող քննադատությանը՝ հայտարարելով, թե քանի որ Վրաստանը ԵՄ անդամ չէ, հետևաբար պարտավոր չէ ենթարկվել ԵՄ քաղաքականությանը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես անդրադարձել է չվերթի ժամանմանը` այն համարելով «անցանկալի» և հայտարարելով, որ այն ժամանել է, հակառակ նրան, որ վրաց ժողովուրդը «դեմ» է դրան։

Թռիչքների վերսկսումը թույլատրելու Վրաստանի կառավարության որոշումը քննադատել են նաև Եվրոպական միությունն ու ԱՄՆ-ը։

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը մայիսի 19-ին վերահաստատել է Վաշինգտոնի անհամաձայնությունը՝ հայտարարելով, որ այդ որոշումն ընդունվել է «հիմնականում ռուսների հարմարության համար, որոնք ցանկանում են գալ Վրաստան», այլ ոչ թե վրաց ժողովրդի համար:

«Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչու են մարդիկ մտահոգված, ինչու են մարդիկ ցանկանում ավելի լավ հասկանալ, թե ինչ գին կվճարի դրա համար Վրաստանը»,- հավելել է Դեգնանը:

Թռիչքների վերսկսման հետ կապված աճող դժգոհության ֆոնին «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն իր քննադատությունն ուղղել է ԱՄՆ-ին, որին մեղադրել է վրացիներին մուտքի արտոնագիր տրամադրելու «խտրական» պրակտիկայի համար։

Տե՛ս նաև՝ Վրացիները բողոքում են Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնման դեմ

Մեկնաբանել