Դագաղներ Հյուսիսային Կովկասում, որ գալիս են Ուկրաինայից

Զինվորի հուղարկավորություն Հյուսիսային Օսիայում, լուսանկարը՝ Region15-ի տեսանյութից։


Ելիզավետա Չուխարովա, OC Media

Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի հետևանքները խիստ են զգացվել Հյուսիսային Կովկասում՝ չնայած զոհվածների իրական թիվը թաքցնելու ջանքերին: Թեև հազարավոր մարդկանցից ոմանք նախորդ տարի մոբիլիզացվածներն են՝ մյուսները բանտարկյալներ են, որոնք հավաքագրվել էին՝ կռվելու իրենց ազատության դիմաց:

Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազում մի ամպամած օր հուղարկավորում են 39-ամյա Վիտալի Ուրտաևին։

Այս տարածաշրջանում հուղարկավորությունները ավանդաբար մարդաշատ են լինում․ մի քանի հարյուր մարդ է գալիս հանգուցյալին հրաժեշտ տալու: Ուրտաևի հուղարկավորությունը բացառություն չէ. մահացածի հարևանները բակում միս են եփում, իսկ կանայք սեղան են գցում «խաձարում»՝ կառույց մի քանի հինգհարկանի շենքերի մեջտեղում, որտեղ հարսանիքներ են անում, հոգեհաց տալիս։ Բայց նրա մահվան հանգամանքները շատ ավելի քիչ ավանդական են։

«Նա լավ տղա էր, լավ դաստիարակված։ Նա պետք է ապրեր ու ավելի երկար ապրեր։ Նա աշխատում էր, օգնում էր իր ընտանիքին»,- պատմում է Գիորգի անունով հարևանը:

Ուրտաևը մոբիլիզացվել է անցյալ տարվա աշնանը, այդ ժամանակ, ըստ հաղորդումների, Հյուսիսային Օսիայից մոտ 1000 մարդ է մոբիլիզացվել: Գրեթե ամեն օր լուր է ստացվում, որ նրանցից մեկը զոհվել է։ Վլադիկավկազի արևելյան գերեզմանատանը հատուկ հողատարածք է հատկացվել Ուկրաինայում սպանվածների համար, սակայն այդ հողատարածքն արդեն սպառվում է, և սա այն դեպքում, երբ շատերն իրենց որդիներին թաղում են գյուղերում գտնվող իրենց պապենական։

«Ես արդեն նույնիսկ հաշիվն եմ կորցրել, թե քանի տղա են բերել մեր գյուղ»,- ասում է Ազա Հ.-ն։ Նա ապրում է Տարսկոյե գյուղում, որը Վլադիկավկազից մեքենայով կես ժամվա ճանապարհ է:

Սակայն նա OC Media-ին ասում է, թե, որքանով տեղյակ է, բոլոր նրանք, ովքեր գնացել են Ուկրաինա կռվելու, դա արել են կամավոր:

«Ոչ մեկին զոռով չեն տարել, միայն մայրերն էին լացում»,- ասում է Ազան։

Պատկերն այսպիսին չէ ողջ Հյուսիսային Կովկասում, որտեղ, սակայն, ոմանց բռնի ուժով են հավաքագրել, այդ թվում՝ պատերազմին դեմ արտահայտվող ցուցարարների որդիներին, իսկ մյուսներին առաջարկել են գործարք՝ ազատվել երկարաժամկետ բանտարկությունից, եթե կարողանան ճակատում գոյատևել վեց ամիս:

Անկախ նրանից, թե որ ճանապարհով են գնում դեպի Ուկրաինա, այնտեղ ուղարկվելուց հետո, այդ մարդկանց գտնվելու վայրի և նրանց վիճակի մասին տեղեկությունը դառնում է խիստ վերահսկվող գաղտնիք: Արտաքին դիտորդները, լրագրողները, նրանց ընտանիքները և ընկերները պայքարում են ճշմարտանման որևէ բան բացահայտելու համար և կոնկրետ պատասխան ստանում միայն այն ժամանակ, երբ բերում են դագաղը։

«Բախտը ձեզ հավերժ չի ժպտա»

Երբ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը հայտարարեց Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը մասնակցելու մասին, այն Հյուսիսային Կովկասում պոտենցիալ հետաքրքրված նորակոչիկների լսարան գտավ իր համար ինչպես ազատության մեջ գտնվողների, այնպես էլ երկարաժամկետ ազատազրկման դատապարտվածների շրջանում:

Առաջարկվող աշխատավարձերը զինվորական կամ վարձկան ծառայությունը շատերի համար էին գրավիչ դարձնում: Պաշտոնական նվազագույն աշխատավարձը, որը վճարվում է Ուկրաինայում կռվողներին՝ լինի դա կառավարական, թե մասնավոր բանակ, կազմում է ամսական մոտ 200,000 ռուբլի (2,600 դոլար), նաև տրվում էր հավելյալ վարձատրություն հակառակորդի տեխնիկան ոչնչացնելու կամ վիրավորվելու դեպքում:

Հյուսիսային Կովկասում շատերի համար սա հազվագյուտ գումար է։ Ինգուշեթիայի մայրաքաղաք Նազրանում, օրինակ, ռուսական հանրահայտ Avito գովազդային կայքն առաջարկում է ամսական 15,000-30,000 ռուբլի (190-380 դոլար) աշխատավարձ, այսպիսի աշխատավարձեր են առաջարկվում Հյուսիսային Կովկասի այլ քաղաքներում: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հյուսիսային Կովկասում միջին աշխատավարձը կազմում է 37,000 ռուբլի (470 դոլար), որը դեռ գրեթե յոթ անգամ պակաս է Ուկրաինայում կռվող մարտիկների նվազագույն պաշտոնական եկամուտից:

Ոմանք նաև կարծում են, որ վարձկան խումբն իրենց ավելի լավ հնարավորություններ է առաջարկում, քան սովորական զինծառայությունը:

«Ես ներգրավված չեմ եղել [մոբիլիզացիայի] առաջին ալիքում»,- ասում է Իգորը, որը մի քանի տարի առաջ Հյուսիսային Օսիայից տեղափոխվել է Կրասնոդարի երկրամաս:

«Իմ բախտը բերել է։ Սակայն բախտը ձեզ հավերժ չի ժպտա, այդպես չէ՞: Ես քրոնիկական հիվանդություններ չունեմ, երեխաներ չունեմ, ծառայել եմ բանակում։ Ահա թե ինչու ես գրեցի «Վագներ»-ին այնտեղ աշխատանքի ընդունվելու համար»։

Իգորը նշում է, թե վստահ է, որ մոբիլիզացիայի երկրորդ և երրորդ ալիքներ կլինեն, և պնդում է, որ «Վագներ»-ն ավելի լավ տեխնիկա ունի, քան ռուսական բանակը և ժամանակին է վճարում աշխատավարձերը։

«Ես արդեն ամեն ինչ կազմակերպել էի, պատրաստվում էի գնալ նրանց բազա, բայց վերջին պահին ինչ-որ բան ինձ ստիպեց վարանել։ Կսպասեմ մինչև իմ ծննդյան տարեդարձի օրը [հունիսին], և եթե մինչ այդ ոչինչ չփոխվի, հավանաբար կգնամ»,- ասում է Իգորը։

Ազատություն կռվելու դիմաց

Մյուսների համար իրենց ընտրությունը մի փոքր այլ է:

2022-ի ամռանը հայտնի դարձավ, որ «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինն անձամբ էր այցելում բանտեր դատապարտյալներ հավաքագրելու համար։ Գործարքը պարզ էր՝ վեցամսյա ծառայություն առաջնագծում՝ ազատության դիմաց։

Այս գործարքի համար իրավական հիմքեր չկան. մասնավոր ռազմական ընկերությունների ստեղծումը ոչ միայն հակասում է ռուսական օրենսդրությանը, այլև բանտարկյալներին ներում շնորհելու իրավունքը միայն Ռուսաստանի նախագահի լիազորությունն է։

Սակայն հայտնի է, որ Պրիգոժինը սերտ կապեր ունի Ռուսաստանի նախագահի հետ, և նրա խումբը հայտնի է դարձել Սիրիայից մինչև Հարավային Սուդան հակամարտություններին իր մասնակցությամբ և մարդու իրավունքների ոտնահարմամբ: Ռուսաստանի նախագահի հետ կապերի շնորհիվ «Վագներ»-ը տեղափոխվել է ուկրաինական առաջնագիծ, որտեղ, ըստ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության, նրանց 50,000 մարտիկները դարձել են Ռուսաստանի ներխուժման հիմնական բաղադրիչը:

ԱՄՆ Ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին հունվարին ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ այդ զինյալների մոտ 80%-ը հավաքագրվել է բանտերից։

Հանցագործությունների մասին, որոնց համար նախկինում «Վագներ»-ի մարտիկները դատապարտվել են, հաճախ հայտնի է դառնում միայն նրանց մահից հետո, երբ տեղական իշխանությունները հրապարակում են մահախոսականներ, որոնցում զոհվածներին որպես «հերոսներ» են նկարագրում։

Օլեգ Ձարախոխովը, օրինակ, մահացել է Ուկրաինայում 2022-ի նոյեմբերին։ 2016-ին նա դատապարտվել է 19 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով սպանության, հանցավոր խմբավորում ղեկավարելու և ներգրավված լինելու համար հանցավոր մի խմբավորման գործողություններին, որը կասկածվում է Կովկասում և Մոսկվայում քաղաքական գործիչների և գործարարների սպանության մեջ։ Դատվածություններից մեկը վերաբերում է 2013-ի հունիսին Բեսլանում գործարար Ալան Տորչինովի հուղարկավորության ժամանակ հրաձգություն կազմակերպելու գործին։

Սերգեյ Կադացկին նույնպես մահացել է Ուկրաինայում 2022-ի նոյեմբերին և հետմահու պարգևատրվել «Արիության համար» մեդալով։ Դրանից չորս տարի առաջ նա Ռոստովի մարզի գլխավոր ճանապարհներից մեկին կրակել էր իր նախկին կնոջն ու աներոջը տեղափոխող մեքենայի վրա՝ սպանելով նախկին կնոջը և ծանր վիրավորելով նրա հորը։ Կադացկին փորձել է խուսափել հանցագործության համար պատիժ կրելուց՝ հայտարարելով, որ դա աֆեկտի տակ արված հանցագործություն է, սակայն դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։

Իսկ հունվարի կեսերին Կրասնոդարում լուր ստացվեց Ուկրաինայում «Վագներ»-ի վարձկան Ալեքսանդր Սիտավիչուսի մահվան մասին։ Նա 2019-ին դատապարտվել էր 21 տարվա ազատազրկման եռակի սպանության համար․ տեղի սրճարանում տեղի ունեցած կոնֆլիկտից հետո նա ինքնաձիգով վերադարձել էր դեպքի վայր, կրակել ու սպանել սրճարանում գտնվող մեկ անձի, սրճարանի դիջեյին և դրսում մեքենայի մեջ գտնվող 18-ամյա մի անծանոթ երիտասարդի։

Վարձկանների մահվան մասին լուրերը պարբերաբար են ստացվում, և դրանցից յուրաքանչյուրը հրապարակային է դարձնում այդ անձանց հավաքագրումը՝ գործընթաց, որն այլ կերպ գաղտնի է պահվում: Նաև հստակեցվում է, որ ողջ մնացածներին սպասվում է հերոսին վայել դիմավորում նրանց վերադարձի ժամանակ, անկախ նրանից, թե ինչ հանցագործությունների համար են դատապարտվել։

Անհայտ քանակ

Ուկրաինայում սպանված ռուսների ստույգ թիվը հայտնի չէ, պաշտոնական և անկախ թվերը խիստ տարբերվում են:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վերջին անգամ պաշտոնական ընդհանուր տվյալները ներկայացրել է 2022-ի սեպտեմբերին՝ հայտարարելով, որ Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանը 5937 զոհ ունի: Պաշտպանության նախարարությունը նաև խոստովանել է 2023-ի հունվարի 1-ի լույս 1-ի գիշերը Դոնեցկի Մակեևկա քաղաքում հրետակոծության հետևանքով 89 զինծառայողի զոհվելու փաստը՝ պաշտոնապես հայտարարված զոհերի ընդհանուր թիվը հասցնելով մոտ 6000-ի:

Ռուսաստանի կորուստների վերաբերյալ Ուկրաինայի գնահատականները մշտապես զգալիորեն ավելի բարձր են եղել։ Մարտի 22-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական կողմի զոհերի թիվը կազմել է 168,000, իսկ մայիսի 15-ին՝ 199,000: Ռուսաստանի զոհերի մասին Արևմտյան հետախուզական ծառայությունները ևս գնահատականներ են տվել, ընդորում՝ Ռուսաստանի տվյալներից առնվազն տասնապատիկ շատ, իսկ փետրվարին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ իրենց գնահատականներով Ուկրաինայում 40,000–60,000 ռուս է սպանվել:

Ե՛վ արևմտյան, և՛ ռուսական անկախ աղբյուրները նաև ենթադրում են, որ շատերը, հատկապես նրանք, ովքեր հավաքագրվել են բանտերից, առաջնագիծ են ուղարկվում առանց պատշաճ պատրաստվածության և վատ տեխնիկայով, իսկ նրանցից ոմանք պնդում են, որ իրենց ուղարկում են որպես թնդանոթի միս:

Ռուսական Mediazona անկախ պարբերականը BBC-ի ռուսական ծառայության հետ համագործակցությամբ մեկ ցուցակում է հավաքում ռուսների անունները, որոնք սպանվում են Ուկրաինայում կռվի ժամանակ և որոնց մահը հաստատվում է: Մայիսի 5-ի դրությամբ ցուցակում 22,055 անուն կար։

Այդպիսի մի ցուցակ ունի «Ազատություն» ռադիոկայանը, որում սակայն ներառվում են միայն Հյուսիսային Կովկասից զոհվածների անունները։ Ցուցակը կազմվել է տեղական իշխանությունների ցավակցությունների, սոցցանցերում սպանվածների հարազատների գրառումների և սեփական աղբյուրներից ստացված հաղորդագրությունների հիման վրա։ Մայիսի 14-ի դրությամբ ցուցակում կար Հյուսիսային Կովկասից 3370 սպանվածի անուն, որոնցից տեղական իշխանությունները, ըստ տեղեկությունների, ճանաչել են 1551-ին:

Մահացածների ամենամեծ մասը՝ շուրջ 560-ը, եղել են Դաղստանից։ Հաղորդվում է, որ Ուկրաինա ռուսական ներխուժման առաջին օրերից ի վեր այն ունեցել է ընդհանուր զոհերի ամենաբարձր թիվը Ռուսաստանի բոլոր շրջանների համեմատ:

Հյուսիսային Օսիան Ռուսաստանի փոքր շրջաններից է թե՛ տարածքով, թե՛ բնակչությամբ։ Այնուամենայնիվ, հաղորդվում է, որ առնվազն 200 «Բեռ 200» է վերադարձել տարածաշրջան («Բեռ 200»-ը ռազմական տերմինաբանություն է, որը նշանակում է ցինկե դագաղ, որում զինվորի կա):

Հայտնի չէ, թե ռազմաճակատ ուղարկվողների քանի տոկոսն է վերադառնում ողջ ու առողջ. ռուսական լրատվամիջոցներում այս տեղեկությունը չի հրապարակվում։ Հայտնի չէ նաև կամավոր զորակոչվածների թիվը։ Իսկ մեկնողների ընկերներն ու հարազատները ստիպված են լինում դեգերել խավարում՝ հույսով, որ իրենց սիրելիները կվերադառնան՝ միաժամանակ սպասելով վատագույնին։

Ազան հիշում է հարևանուհու խոսքերը, ում որդին մահացել է Ուկրաինայում։

«Նա ինձ ասաց, որ [նախքան որդու մահվան լուրն իմանալը] երազ էր տեսել, որ իր որդին եկել էր իր մոտ և ասել, որ իրենք այլևս չեն տեսնի միմյանց: Ինձ մի՛ սպասիր, ես քեզ շատ եմ սիրում և ․․․ հոգ տար փոքրիկների մասին»,- հարևանուհու խոսքերն է հիշում Ազան։

«Նա մահվան դուռն է հասել, նա այդպես էլ չգտավ որդուն, չգտավ նրան: Եվ միայն աշնանը պարզվեց, որ որդին վաղուց սպանվել է։ Գրեթե բան չէր մնացել թաղելու համար։ Երբեմն նա հարցնում է ինձ՝ իսկ գուցե դա նրա մարմինը չէր, գուցե նա գերի է ընկել։ Նա այլևս որդուն չի տեսնում երազում»,- պատմում է Ազան:

Մեկնաբանել