Սամադ Շիխի, OC Media
Մեհրիբան և Իլհամ Ալիևները Բաքվի մզկիթում։
Ադրբեջանում հավատացյալ մուսուլմանների զանգվածային ձերբակալությունները կրոնը վերահսկելու և Իրանը դիվայնացնելու բացահայտ պետական արշավի մի մասն է: Իսկ ադրբեջանցի ակտիվիստների և միջազգային հանրության խլացուցիչ լռությունը ոչ այլ ինչ է, քան խայտառակություն:
Ապրիլի 7-ին մասնակցեցի Մուսուլմանական միություն շարժման անդամ Նիջաթ Ալիևի դատավարությանը: Դատարանի դահլիճում, բացի մի քանի սոցիալական ակտիվիստներից և Նիջաթի հարազատներից, որոնց տեսքից ցավեց իմ սիրտը, այլ ներկաներ չկային։
Թեև մենք տարակարծիք ենք բազում հարցերի շուրջ ու թեև ես հաճախ եմ քննադատում Ադրբեջանի շիա կրոնական համայնքին, ես երբեք չեմ ցանկացել նրանց տեսնել նման իրավիճակում: Պատկերացրեք, որ դահիճը (դատավորը) նշանակված է ձեր ճակատագիրը որոշելու համար: Բայց երբ փորձում ես տրամաբանորեն նրան բան բացատրել, նա միայն սրում է սուրը՝ քո վզին հարվածելու համար։ Այդպիսին էր Նիջաթի վիճակը։
Նիջաթը լավ գիտեր, որ իր հետ կատարվողը շոու է։ Բայց, այնուամենայնիվ, նա պետք է լսեր դատավորին։ Դատավորը ևս լսեց Նիջաթին՝ ձևացնելով, որ հետաքրքրությամբ է լսում և անաչառ կլինի։
Բայց Նիջաթի նկատմամբ կիրառված ճնշումների, նրան հասցրած վիրավորանքների ու սպառնալիքների, ոստիկանական բաժանմունքում նրա վրա թմրանյութ բարդելու պատմությունները դատավորին չհուզեցին։ Վերջինս ակնհայտորեն արդեն կայացրել էր իր որոշումը, բայց այս ներկայացումը մի փոքր երկարացնելու համար նա հաջորդ նիստի օրը նշանակեց ապրիլի 21-ը։ Այնուհետև, քանի որ ապրիլի 21-ը համընկնում է մուսուլմանների սուրբ Ռամադան ամսվա հետ, դատավորը փոխեց ամսաթիվը ապրիլի 28-ի:
Զավեշտալի է, որ հավատացյալի դատավարությունը համընկավ Ռամադանի հետ, բայց իսկական զավեշտը դահլիճից դուրս գալիս մասնակիցներից մեկի՝ հեռախոսով աղոթքին կոչ անող ազան լսելն էր:
Միայնակ լինելով՝ Ադրբեջանի շիա համայնքը շատ լավ գիտեր, թե ինչ է սպասվում իրենց: Սա հավատացյալների նկատմամբ առաջին ճնշումը չէ։ Այդուհանդերձ, բռնաճնշումների այս փուլի մասշտաբները, ըստ որոնց, իմ գնահատականներով, մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 500 մարդ է ձերբակալվել, ավելի ցնցող է դարձնում դրա նկատմամբ անտարբերությունը։
Պետական կրոնը
Ադրբեջանի կառավարությունը պաշտոնապես կրոնական հանդուրժողականության քաղաքականություն է վարում։ Սակայն բազմաթիվ են օրինակները, թե ինչպես է այս հանդուրժողականությունը գործում միայն այնքան, որքան պետությունը կարող է վերահսկել կրոնական համոզմունքները, ընդ որում այդ վերահսկողությունից դուրս մնացող ցանկացած բան վտանգի տակ է:
Օրինակ՝ մարտի 2-ին մահացան հայտնի աստվածաբան Հաջի Շահինը և Ադրբեջանի իսլամական կուսակցության անդամ Սաբուհի Սալիմովը։ Հաջի Շահինը մահացել է սրտի անբավարարությունից, իսկ Սաբուհի Սալիմովը՝ սովի պատճառով դատարանի դահլիճում՝ ավելի քան 50 օր բանտում հացադուլի մեջ գտնվելուց հետո: Երկուսն էլ նշանավոր շիա հավատացյալներ էին:
Հաջի Շահինն առավել հայտնի էր որպես կառավարության քարոզիչ։ Նա աջակցում էր պետությանն ու կարևոր հարցերի շուրջ ազդեցություն ուներ հանրության վրա։ Հաջի Շահինի շքեղ հուղարկավորության համար պայմաններ էին ստեղծվել ՝ առանց խոչընդոտների։
Հակառակն էր Սաբուհի Սալիմովի դեպքում, որի հուղարկավորությունը տեղի ունեցավ անաղմուկ ու գաղտնի։ Երբ խոսեցի Սալիմովի հարազատների հետ, նրանք ինձ ասացին, որ չեն կարող գերեզման գտնել՝ նրան թաղելու համար։ Հետագայում այդ հուղարկավորությանը ներկա մարդկանց կալանավորումը իշխանության կողմից ձերբակալությունների հաջորդ ալիքի սկիզբ դրեց։
Լրտեսնե՞ր, թե՞ թմրանյութ վաճառողներ
Բերման ենթարկվածների վերաբերյալ իշխանամետ լրատվամիջոցներով շրջանառվում է երկու տարբեր տեղեկություն։
Նախ՝ որ նրանք Իրանի հետ կապ ունեցող «լրտեսներ» են՝ հղում անելով Ներքին գործերի նախարարությանը կամ Պետական անվտանգության ծառայությանը։ Թեև իշխանությունները պաշտոնապես չեն նշել, թե ում են ձերբակալել իրանական ենթադրյալ հեղաշրջման կազմակերպիչների դեմ իրենց «հատուկ գործողության» ընթացքում, դա արել են լրատվամիջոցները՝ հրապարակելով նաև նկարները։
Այս «իրանական լրտեսներից» ոմանք, որոնց անունները հայտնվել են լրատվամիջոցներում, իրականում մեղադրվել են թմրանյութերի հետ կապված հանցանքների մեջ: Սա իշխանությունների համար սովորական գործիք է. եթե ուզում են քեզ մեկ օրով բանտ ուղարկել, նշում են «ոստիկանությանը դիմադրություն ցույց տալը», իսկ եթե երկարաժամկետ ազատազրկում են նախատեսում, թմրանյութերի թեման են օգտագործում։
Ձերբակալությունների վերջին ալիքը սկսվել է պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ մահափորձից հետո։ Մուստաֆայի վրա կրակելու մեջ մեղադրվողներից Իլքին Սուլեյմանովին ի սկզբանե մեղադրանք առաջադրվեց զինված հարձակման և լրտեսության մեջ։ Նրան առաջադրված մեղադրանքը փոխվեց այն բանից հետո, երբ Meydan TV-ն հարցազրույց վերցրեց նրա ընտանիքից և տարածեց տեսախցիկների տեսագրությունները, որոնք ապացուցում են դեպքի պահին Սուլեյմանովի այնտեղ չլինելը։ Բայց նրան դեռ ազատ չեն արձակվել:
Հետո պատմությունը փոխվեց։ Ասում էին, որ Սուլեյմանովին ոստիկանությունը բերման է ենթարկել թմրանյութերի առնչությամբ։ Չեմ կարող ասել, թե ում կողմից է ծրագրվել Ֆազիլ Մուստաֆայի դեմ դավադրությունը, բայց դժվար չէ ասել, որ դրանից օգուտ քաղողը միայն Ադրբեջանի իշխանություններն են։ Ազատազրկվածները կրոնականներ են, ազատազրկվածը պետությունն է։
Ֆազիլ Մուստաֆայի մահափորձի մեկ այլ հետաքրքիր կողմ դրա նկատմամբ պետության զգայունությունն էր: Հետագա օրերին Պետական անվտանգության ծառայությունը պահանջեց ներկայանալ Մուստաֆայի մասին բացասական գրառումներ անողներին, միջադեպին կասկածանքով վերաբերվողներին կամ նրանց, ովքեր իշխանություններին ծաղրում էին կատարվածի համար:
Կանչվածներից մեկն ինձ ասաց, որ իրեն հարցաքննող պաշտոնյան իր սեղանին ուներ սոցիալական ցանցերում բազմաթիվ այլ հրապարակված գրառումներ: Նրան սպառնացել են ու ասել, որ ամեն ինչ գիտեն։ Ես և՛ զարմացա, և՛ չզարմացա, քանի որ սա Ադրբեջանն է։
Դիմում ազգայնականությանը և «Մեծ Ադրբեջանին»
Իրանի նկատմամբ կառավարության դիրքորոշման մեկ այլ կողմը ազգայնականներին գոհացնելն է։ Թեև «Հարավային Ադրբեջանի» մասին քարոզչությունը՝ հղում անելով էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված Իրանի հյուսիսային շրջաններին, բացահայտորեն չի հնչում պետության կողմից, դա արվում է «պետության լեզվով» խոսողների կողմից: Այս տեսակետներն այժմ լայնորեն հնչեցնում են պետական հեռուստաալիքներ, պատգամավորներ և այլ պաշտոնյաներ:
Նման խոսակցությունների նպատակներից մեկն Իրանի դեմ հետագա ներքին աջակցություն հավաքելն է: Կառավարությունը հասկանում է, որ չի կարող շատ բան անել միայն «լրտեսության» մեղադրանքներով, և «Հարավային Ադրբեջանի» մասին խոսելով փորձում է ազգայնականներին գրավել իր կողմը։
Եթե Իրանի հետ ինչ-որ կոնֆլիկտ լինի, իշխանությունը ցանկանում է այն ներկայացնել որպես «արդար պայքար»՝ հանրությանը համոզելու, որ այս պայքարն իզուր չէ, և արդյունքը կլինի «Ավելի մեծ Ադրբեջանը»:
Հատկանշական է նաև, որ օգտագործված հռետորաբանությունը կենտրոնանում է «պարսկա-մոլայական ռեժիմի» վրա։ Դա պայմանավորված է նրանով, որ ոչ ոք չի ցանկանում ընդունել, որ Իրանի հետ պատերազմը կնշանակի նաև պատերազմ այնտեղ ապրող ադրբեջանցիների հետ, որ Իրանը կռվելու համար մոբիլիզացնելու է նաև իր ադրբեջանցիներին: Փոխարենը կառավարությունը մյուս կողմին հագցնում է «պարսկական մոլայի» հագուստ, որպեսզի նսեմացնի այս միտքը:
Իրանը որպես «հակաադրբեջանական» ներկայացնելու մեկ այլ միջոց է նրան Հայաստանի հետ նույնացնելը։ Իրանը հասարակության մեջ վարկաբեկելու այս փորձերը կոչված են հանրությանն ապացուցելու, որ պետություն-իշխանություն տանդեմը ճիշտ է։
Մերօրյա ստալինիստները
Այն, որ հանրությունը շահագրգռված չէ հավատացյալների հալածանքներով, չի նշանակում, որ ընդհանրապես այդ թեմայի նկատմամբ հետաքրքրություն չկա:
Զարմացա, որ բռնաճնշումների մասին իմ թվիթը սպասածիցս ավելի շատ արձագանքներ ստացավ: Բացի տրոլների ծրագրված հարձակումներից, ես տեսա լուրջ մարդկանց, որոնք աջակցում և արդարացնում էին այս ձերբակալությունները: Մարդկանց ատելությունը Իրանի կամ իսլամի նկատմամբ նրանց այս ձերբակալություններն արդարացված համարելու հիմք է տալիս։ Ձերբակալությունները արդարացնող մարդիկ կարծում են, որ հավատացյալները ցանկանում են երկիրը կառավարել շարիաթի օրենքներով, և այդ պատճառով պետք է պատժվեն: Սակայն Ադրբեջանի Սահմանադրությունը մարդկանց թույլ է տալիս նման համոզմունքներ ունենալ։
Սա անտեսելուց զատ ավելի տարօրինակ էր, որ նրանք անտեսում են Ադրբեջանում քաղաքական ավտորիտարիզմը։ Եվ այս կարծիքը արտահայտողները ոչ միայն շարքային քաղաքացիներ են, այլև քաղաքացիական ակտիվիստներ, որոնք իրենք են ձերբակալվել ոստիկանության կողմից, և նույնիսկ նրանք, որոնք ինչ-որ ժամանակ անցկացրել են բանտում:
Նրանք տեսնում են և գիտեն այս իշխանության բոլոր կողմերը, ուստի ինչո՞ւ պիտի սատարեն դրան: Ինչպես Հայաստանի հետ բախումների դեպքում, այնպես էլ հիմա նրանք հետևում են պետական քարոզչության մեկ այլ թևի, և չեն կարողանում իրենց ներսում թաքցնել ազգայնականության զգացումները։ Երբ տեսա Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով կալանավորվածների մասին արձագանքները, հասկացա, որ մարդիկ նույնքան ատելություն ունեն Իրանի հանդեպ, որքան Հայաստանի, թեև մենք Իրանի հետ պատերազմ չենք ունեցել։
Հավատացյալների դժբախտ վիճակից հայացք թեքելը միայն ներքին գործ չէ: Ես զզվանք եմ ապրում՝ տեսնելով այդքա՜ն միջազգային և արևմտյան կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անհատների լռությունն ու անտարբերությունն այս ձերբակալությունների նկատմամբ: Սա հստակ երկակի ստանդարտ է: Անձի կրոնական համոզմունքը կամ քաղաքական գաղափարախոսությունը չպետք է հիմք հանդիսանա նրան ձերբակալելու համար։
Անընդունելի է, որ ոստիկանները մարդկանց առևանգում և բերման են ենթարկում տարբեր շինծու հիմքերով։ Սոցցանցերում առկա տեսանյութերից մեկում քաղաքացիական հագուստով ոստիկանները ճանապարհին կանգնեցնում են մեքենան և սեփական երեխայի աչքի առաջ ձերբակալում ղեկին նստած մի հավատացյալի: Պետք է ակնկալել, որ այդ երեխան կմեծանա ու կվստահի՞ պետությանը, օրենքին ու ոստիկանությանը։
Այսօր Ադրբեջանում, լինի քաղաքական ընդդիմության, թե կրոնական հավատացյալների դեմ, նման զանգվածային ձերբակալություններն ու բանտարկությունները միայն մեկ անուն ունեն՝ բռնաճնշում։ Այս իրադարձությունը պաշտպանելու ոչ մի հիմք չկա, բայց որքան տեսնում եմ՝ մարդիկ անտեսում և նույնիսկ արդարացնում այն իրենց անձնական կողմնակալության և օրակարգերի պատճառով, ինչն ինձ հիշեցնում է 1937-ի ստալինյան բռնաճնշումները:
1937-ին խորհրդային կառավարությունը ձերբակալեց, աքսորեց կամ մահապատժի ենթարկեց հազարավոր մարդկանց, որոնց համարում էր հակառակորդ։ Անկասկած, այն ժամանակ էլ կային այդ բռնաճնշումներն արդարացնողներ, դրանց մաս կազմողներ։
Այսօր մենք տեսնում ենք, որ ստալինյան բռնաճնշումները դատապարտողների թվում ոմանք աջակցում են նմանատիպ բաների այստեղ և հիմա: Նրանք չեն հասկանում, որ եթե ապրեին խորհրդային զտումների ժամանակներում, ապա կլինեին պետության գործողություններն արդարացնողների և որոշ «անցանկալի անձանց» մահը ողջունողների թվում, քանի որ նրանց տրամաբանությունը նույնն է։
Որովհետև ոչինչ չպետք է ավելի կարևոր լինի, քան մարդկային կյանքը: Ուստի այսօր Ստալինին հայհոյողներից ոմանք պետք է նայեն հայելու մեջ և հասկանան, որ նրանք նույնպես Ստալինի հետևորդներն են։