Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարարը կայցելի Հայաստան

Մայիսի 22-23-ին Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին կժամանի Հայաստան, հայտնում են Հայաստանում Բրիտանիայի դեսպանատնից։

Այցի նպատակը, ըստ հաղորդագրության՝ երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդելն է։ Միացյալ Թագավորության նախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվելու են անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև առևտրային կապերի խթանման հնարավորությունները։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր ազդեցությունն է ունենում հազարավոր մարդկանց վրա, ու թեպետ մենք հումանիտար աջակցություն ենք տրամադրում, այս հակամարտության կարգավորման միակ ճանապարհը երկու կողմերի շարունակական և բարեխիղճ կերպով ներգրավվածությունն է բանակցություններում։ Միացյալ Թագավորությունը հանձնառու է աջակցելու Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների օրակարգին»,- այցին ընդառաջ ասել է Դոքերթին։

Նախարարը հանդիպումներ կունենա նաև Ազգային ժողովի պատգամավորների և էկոնոմիկայի նախարարի հետ։ Նա կզրուցի քաղաքացիական հասարակության և գործարար համայնքի, ներառյալ՝ բրիտանական կապեր ունեցող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

«Նա կհայտարարի Ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին, որը տեղի կունենա այս տարվա ընթացքում, ինչպես նաև կընդգծի երկու երկրների տնտեսական հարաբերությունների խթանմանն ուղղված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման պատրաստակամությունը»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել