Լաչինի միջանցքի արգելափակման հարցով Հայաստանը երկրորդ անգամ դիմել է Հաագայի դատարան

Լաչինի միջանցքի արգելափակման հարցով Հայաստանը երկրորդ անգամ է դիմել ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարան՝ պահանջելով փոխել ու լրացնել Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու փետրվարի 22-ի որոշումը։ Հիմա Հայաստանը պահանջում է որոշման մեջ ներառել նաև անցակետի փաստը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով որևէ կետում չխոչընդոտել ազատ տեղաշարժը։ Այդ մասին Առաջին ալիքի հետ զրույցում ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Փաստեր ենք ներկայացրել առ այն, որ Ադրբեջանը շարունակաբար անտեսում է կամ փորձում է անընդհատ մանուպալացնել դատարանի 2023-ի փետրվարի 22-ի որոշումը։ Եվ պահանջել ենք լրացնել նոր միջոցով, որն ավելի կհստակեցնի, հատկապես, նաև հաշվի առնելով, որ փետրվարի համեմատ «գետնի վրա» իրավիճակը փոխվել է։ Արդեն կա տեղադրված անցակետ և դրա հետ կապված նոր միջոցի անհրաժեշտություն կա»,- նշել է Կիրակոսյանը։

Ադրբեջանին ժամանակ է տրվել հայկական կողմի միջնորդությանը պատասխանել մինչև մայիսի վերջ, ինչից հետո դատարանը պետք է որոշում կայացնի։

2023-ի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարան Բաքվին պարտավորեցրել էր ապահովել մարդկանց, ավտոմեքենաների, բեռների երկկողմ անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ադրբեջանը 2022-ի դեկտեմբերի 12-ից սկսած փակ է պահում միջանցքը և չի կատարում դատարանի որոշումը։

Մեկնաբանել