Եվրամիության ու Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ խոսակցությունում Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելու օրակարգ գոյություն չունի։ Կառավարությունում ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի անցյալ շաբաթվա այն հայտարարությանը, թե ԱՄՆ-ն հայերին հորդորում է քշել ռուսներին, հանել ռազմաբազան ու դրա դիմաց խոստանում է օգնել անվտանգության հարցերում։
«Այլ հարց, որ մենք մեր արևմտյան գործընկերների հետ սկսել ենք քննարկել նաև անվտանգային ոլորտի հարցեր։ Նախկինում մենք նման հարցեր ընդհանրապես չէինք քննարկում։ Համարում էինք, որ տարածաշրջանում կա անվտանգային ճարտարապետություն, որը պետք է լիներ հուսալի ու անխոցելի, բայց այդ անվտանգային համակարգը չի գործում այնպես, ինչպես ձևակերպված է իրավական փաստաթղթերում»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև խոսեց անվտանգային հարցերում պարտավորությունների մասին ու ասաց՝ չի կարծում, թե Արևմուտքը որևէ մեկի ձեռքը բռնել է ու չի թողնում, որ այդ պարտավորությունները կատարվեն։
Փաշինյանը հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանք կատարող տրակտորիստ է սպանվել ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների ներկայությամբ. «Այդ մարդուն, որքան ես եմ տեղեկացված, հենց խաղաղապահներն էին համոզել՝ բարձացիր, աշխատանքդ իրականացրու, խնդիր չկա, մենք այստեղ ենք։ Այդ մարդը կես ժամ հետո սպանվել էր։ Ի՞նչ կապ ունի այստեղ Արևմուտքը։ Մեր գերեվարված հայրենակիցների 90 տոկոսը գերեվարվել է խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց, Արևմուտքը ի՞նչ կապ ունի այստեղ»,- հարցրեց Փաշինյանը։
Վերջինս նաև կրկնեց՝ ՀԱՊկ առաքելությունը Հայաստանում չի տեղակայվել, քանի որ առաքելության կողմից չի ֆիքսվում, թե որն է ՀՀ տարածքը, իսկ եթե այս հարցը լուծվի, ըստ Փաշինյանի, ՀԱՊԿ առաքելության տեղակայման հարցերի 90 տոկոսը կարելի է լուծված համարել։
Մայիսի 17-ին «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովտ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում․ «Գիտեմ, որ հայերին ասում են՝ եկեք մեզ մոտ, ռուսներին քշեք ձեր տարածքից, հանեք ռազմաբազան, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը»։ Լավրովը նաև ասել է, որ Հայաստանը կշահեր իր տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայումից։