Փաշինյանը որդուն չի հորդորել հրաժարվել զոհված զինծառայողի մոր դեմ բողոքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր որդուն չի հորդորել հրաժարվել զոհված զինծառայողի մոր դեմ բողոքից։

«Ոչ, չեմ հորդորել իմ որոդուն, որովհետև երբ առաջին խոսակցությունը տեղի է ունեցել այդ թեմայի վերաբերյալ, իմ որդին իր փաստարկներով զրկել է ինձ իրեն նման խնդրանքով կամ կոչով դիմելու հնարավորությունից»,- մայիսի 22-ին հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավական ճանապարհով․ «Նա ինձ ասեց, որ սա է եղել քո քաղաքական գործունեության և պայքարի ամբողջ նպատակը, որից հետո ես չունեմ որևէ փաստարկ այդ կոչով կամ խնդրանքով նրան դիմելու»։

Մայիսի 17-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակ թերթը հաղորդեց, որ փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին՝ իր տան մերձակայքից: Աշոտ Փաշինյանին առևանգելու համար մեղադրվող 44-օրյա պատերազմի զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանը մայիսի 20-ին մեկ ամսով կալանավորվել է։

Մեկնաբանել