Մայր Աթոռը մտահոգություն է հայտնել վարչապետի որդուն առևանգելու գործով որդեկորույս մոր կալանավորման առնչությամբ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել, որով մտահոգություն է հայտնում վարչապետի որդու ենթադրյալ առևանգման մեղադրանքով որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ։

«Հասարակության մեջ խռովություններ ու հուզումներ առաջացնող նման ընթացքները ազգային անվտանգության ներկայիս սպառնալիքների պայմաններում ծանր հարված են հայրենիքի պաշտպանությանը լծված մեր զավակների ոգու զորությանն ու նվիրումին և կարող են հանգեցնել նոր պառակտումների ազգային կյանքում: Հորդորում ենք իշխանության պատկան մարմիններին, առավելագույնս հաշվի առնելով զոհված զինվորի ծնողի պարագան, երկրում առկա մտահոգությունները և զգայունությունները, քրեական գործի քննությունը իրականացնել ամենայն անաչառությամբ, առանց տիկին Գայանե Հակոբյանի մեկուսացման։ Աղոթում ենք նաև նահատակված մեր բոլոր զավակների հոգիների հանգստության համար և մեր զորակցությունը բերում զոհված զինվորների ծնողներին և ընտանիքներին»,- ասված է հայտարարությունում։

Մայիսի 17-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակ թերթը հաղորդեց, որ փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին՝ իր տան մերձակայքից: Աշոտ Փաշինյանին առևանգելու համար մեղադրվող 44-օրյա պատերազմի զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանը մայիսի 20-ին մեկ ամսով կալանավորվել է։

Մեկնաբանել