Վիլանովա. 10 հոգով Ռեալին թույլ չտվեցինք դուրս գալ սեփական կիսադաշտից

Իսպանիայի սուպերգավաթը Մադրիդի «Ռեալին» զիջելուց հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան խոսեց լրագրողների հետ՝ գովասանքի խոսքեր հղելով իր սաներին:

«Առաջին իսկ րոպեներից «Ռեալը» մի շարք պահեր ստեղծեց թե՛ մեր պաշտպանական սխալների, թե՛ երկար փոխանցումների շնորհիվ, ու նրանք կարողացան երկու անգամ հասնել հաջողության: Այսօր ես ավելի, քան երբևէ հպարտ եմ իմ խաղացողներով, նրանք ամբողջ երկրորդ կեսը խաղացին 10 հոգով, ու այդ ընթացքում մենք ստեղծեցինք 5 իրական գոլային պահ մրցակցի դարպասի մոտ, ով սեփական կիսադաշտն անգամ չէր լքում:

Պարզ է, որ կցանկանայինք հաղթել, բայց, ինչպես նախկինում եմ ասել, այս խաղը ոչ մի բան չի որոշելու ընդհանուր մրցաշրջանում: Դեռ շատ բան կա առջևում: Ամեն ինչ շարունակվում է, ու արդեն կիրակի պետք է խաղանք Լա լիգայում»,- Վիլանովայի խոսքերն է մեջբերում կատալոնացիների պաշտոնական կայքը: