Երուսաղեմի հայկական համայնքը պահանջում է չեղարկել կալվածքների ապօրինի գործարքները

«Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության գործարքի հետևանքով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում ստեղծվել է մտահոգիչ իրավիճակ: Այս կապակցությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերջերս հեռախոսազրույց է ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ․ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ․ լրատվամիջոցներին ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը:

«Քննարկման ընթացքում Պատրիարք Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է, որ քայլեր են ձեռնարկվում Պատրիարքարանի իրավունքների պաշտպանության և խնդրի բարվոք հանգուցալուծման համար»,- նշել է Արթենյանը։

Ստեղծված իրավիճակի առնչությամբ վերջին շաբաթներին Երուսաղեմի հայկական համայնքը մի քանի բողոքի ցույց է կազմակերպել։ Երեք կազմակերպություններ՝ «Հոմենեթմեն Երուսաղեմը», «Հայ երիտասարդաց միություն Երուսաղեմը» և «Բարեսիրաց միությունը», հայտարարություն են տարածել՝ Հայոց պատրիարքին կոչ անելով չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքը և առաջարկելով այդ հարցում համայնքի աջակցությունը։

Կազմակերպություններն իրենց պայքարին միանալու կոչ են արել նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Հայաստանի Հանրապետությանն ու աշխարհի հայկական համայնքներին՝ հանուն թափանցիկության ու արդարության։

«Մենք՝ հայերս, պետք է միավորվենք ու պայքարենք՝ պաշտպանելու մեր ներկայությունը Սուրբ երկրում, որը սկսվում է մ․թ․ չորրորդ դարից։ Որպես միասնական համայնք՝ մենք պահանջում ենք պատասխաններ և բոլոր ապօրինի գործարքների չեղարկում, պահանջում ենք պաշտպանել հայկական ունեցվածքը ապօրինի վաճառքից»,- նշվում է հայտարարությունում։

Շաբաթներ առաջ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունը և Պաղեստին պետությունը համատեղ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ կասեցրել են Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոսի ճանաչումը որպես Երուսաղեմի Հայ Ուղղափառ Եկեղեցու և մնացած լիազորություններով պատրիարք։

Նշվել էր, որ որոշումը կայացվել է Սուրբ Երկրի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բազմաթիվ ջանքերից և փորձերից հետո, որոնք չհաջողեցին շտկել պատրիարքի գործերը Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի անշարժ գույքի հետ կապված, որը մշակութային և մարդկային ժառանգություն է, և Սուրբ քաղաքի խճանկարի պատմական հատված։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հաղորդագրություն էր տարածել՝ մտահոգություն հայտնելով Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոսի ճանաչումը կասեցնելու վերաբերյալ։

«Առավել զարմանալին և մտահոգիչն այն է, որ այս լուրը շրջանառության մեջ է դրվել «Կովերի պարտեզի» խնդրի հիմանական պատասխանատու վարդապետ Երեցյանին պաշտոնից հեռացնելու, նրան կարգալույծ հռչակելու և վանքից արտաքսելու որոշումներից հետո։ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հնարավոր ամեն ինչ կանի անվտանգ պահելու համար Հայ եկեղեցու և համայնքի շահերը»,- ասված է հաղորդագրությունում։

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքը վարձակալության հանձնելու խնդիրը 2022-ին լայն արձագանք է ստացել սոցիալական հարթակներում և լրատվամիջոցներում և մեծապես լուսաբանվել է մամուլում այն բանից հետո, երբ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության անդամները հայտարարություն էին տարածել՝ մտահոգություն հայտնելով «Կովերի պարտեզ» տարածքի վարձակալության առնչությամբ։ Նրանք պահանջել էին պատրիարքից չեղյալ հայտարարել «Կովերի պարտեզի» համաձայնագիրը։

Այս տարեսկզբին Երուսաղեմի Հայոց Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի որոշմամբ՝ Սուրբ աթոռի կալվածքների տեսուչ նշանակվեց Պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը՝ այդ պաշտոնում փոխարինելով Պարետ վարդապետ Երիցյանին, որի անունը կապվում է «Կովերի պարտեզ» կալվածքը վարձակալության հանձնելու աղմկահարույց հարցի հետ։ Օրերս վերջինս կարգալույծ հռչակվեց և հայտարարեց, որ համաձայն չէ որոշման հետ՝ շեշտելով, որ բոլոր գործողություններն իրականացրել է պատրիարքի իմացությամբ և հավանությամբ։

Մեկնաբանել