29 800 քկմ-ի մեջ ներառված չեն Տիգրանաշենը և Տավուշի յոթ գյուղերը․ Փաշինյան

Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն և Տավուշի մարզի յոթ գյուղերը ներառված չեն։ Մայիսի 22-ի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել, մեր ընկալմամբ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել ՀՀ-ի 29 800 քառաուսի կիլոմետրի տարածքային ամբողջականությունը»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը․ «Բայց պետք է արձանագրել, որ մենք ասում ենք՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտի ու Բաքվի միջև»։

Մայիսի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարել է․ «Ղեկավարները հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի (29 800 քկմ) ու Ադրբեջանի (86 600 քկմ) տարածքային ամբողջականությանը»։

Մեկնաբանել