Վարչապետի որդու գործն ու կալանավորման արատավոր պրակտիկան

Մայիսի 20-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը՝ Ժորա Չիչոյանի նախագահությամբ, մերժեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի ձերբակալության իրավաչափությանը վերաբերող բողոքը, և նա մեկ ամսով կալանավորվեց։ Գայանե Հակոբյանը անցնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն առևանգելու քրեական վարույթով։ Այս գործը կրկին վեր է հանում կալանավորման արատավոր պրակտիկայի խնդիրը։

Ինչպես է տեղի ունեցել դեպքը

Աշոտ Փաշինյանի հետ կատարված դեպքի մասին առաջինը հայտնեց վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ միանգամից դեպքը որակելով որպես «առևանգում»։ Թերթը նաև նշեց, թե «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ է նաև Գարիկ Գալեյանը, որը ևս մասնակցել է Աշոտ Փաշինյանի «առևանգմանը»:

Այս լուրից հետո խոսեցին դեպքի մյուս մասնակիցները ու ականատեսները։ Մասնավորապես, նրանք պնդում էին, թե ծնողները պատահական հանդիպել են Աշոտ Փաշինյանին ու առաջակել նրան տանել Եռաբլուր, Փաշինյանն էլ ինքնակամ նստել է մեքենան։

«Հայկական ժամանակ»-ի հրապարակումից քիչ անց իրավապահները միանգամից բերման ենթարկեցին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին՝ Ժորա Սահակյանի հորը՝ Վահիդ Սահակյանին, Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին ու Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին։

Քրեական վարույթն ու կալանավորումը

Պաշտոնական վարկածի համաձայն՝ մայիսի 17-ին՝ ժամը 12:47-ի սահմաններում, Աշոտ Փաշինյանը Երևանի Գ.Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի մոտով քայլելիս դատարանի բակում տեսել է հավաքված զոհված զինծառայողների ծնողների։

«Մի կին մոտեցել է, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան` հանգիստ զրուցելու համար: Երբ նստել է, կինն անսպասելի վարել է՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որ իրենց չխանգարեն»,- նշվում էր Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Ըստ իրավապահների՝ կինը սկսել է խոսել պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, Փաշինյանը պահանջել է, որ մեքենան կանգնեցնի, որից հետո կինը պատասխանել է, թե «իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ»։ Այս ամենից հետո Աշոտ Փաշինյանն իրեն դուրս է նետել մեքենայից, երբ կինը դանդաղեցրել է ընթացքը։ Վարչապետի որդու հաղորդման համաձայն` դրանից հետո իրեն սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է հարվածել:

Գայանեն եղել է հենց այն մեքենայի վարորդը, որտեղ նստել էր Աշոտ Փաշինյանը։

Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, ինչը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Գայանե Հակոբյանին կալանավորելու որոշումը կայացրել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատավոր Ժորա Չիչոյանը։ Ըստ պաշտպանական կողմի՝ «դատարանն արձանագրել է, որ նոր հանցանք կատարելու (Աշոտին կրկին առևանգելու) հիմքը առկա է, քանի որ տիկին Գայանեի կողմից Աշոտ Փաշինյանին առերևույթ առևանգելու հանգամանքը կապված է եղել տուժողի մերձավոր ազգականի պետական և քաղաքական գործունեության հետ, որը ներկա պայմաններում ևս շարունակվում է»։

Ընդ որում՝ պաշտպանական կողմը խնդրել էր դիտարկել այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու հանգամանքը՝ առաջարկելով տնային կալանք, վարչական հսկողություն, գրավ (10 մլն դրամ) և երաշխավորություն։ Դատավոր Չիչոյանը որոշել է կալանք կիրառել։

Ժորա Չիչոյանն, ի դեպ, երիտասարդ դատավոր է։ Նա պաշտոնը ստանձնել է 2022-ի սեպտեմբերին։ Մինչ այդ էլ՝ 2017-2022-ը, Չիչոյանը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ էր։ Չիչոյանի հայրը՝ Արմեն Չիչոյանը, Շիրակի մարզի դատախազն է, իսկ հորեղբայրը՝ Սերգեյ Չիչոյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամն էր այն ժամանակ, երբ նա ստանձնում էր դատավորի պաշտոնը։ Պաշտոնը ստանձնելուց հետո 2022-ին Չիչոյանը մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն չի իրականացրել, քանի որ մինչև այս տարվա հունվարն այդ լիազորությունը վերապահված էր առանձին դատարանին։ Այս տարվանից սկսած՝ դատական համակարգում վերականգնվել է նախկին պրակտիկան և մինչդառական վարույթի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է դատարաններում տարբեր պարբերականությամբ հերթապահվող դատավորների կողմից։

Կալանավորման պրակտիկան

Հայաստանում կալանավորման պրակտիկան շարունակում է «իշխել», թեև տարբեր ժամանակահատվածներում տարբեր իշխանություններ խոսել են դրա վնասակարության մասին ու որոշակի գործիքներ ներդրել այն նվազեցնելու ուղղությամբ։

Այս պրակտիկան գործում էր ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի ղեկավարման ժամանակ։

Բարձրագույն դատական խորհրդի վիճակագրության համաձայն՝ 2012-2016-ին Հայաստանի առաջին ատյանի դատարանները կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդությունները գերազանցապես բավարարել են։ Մինչդեռ գրավի պարագայում թվերը շատ ավելի մտահոգիչ են․ 2012-2016-ին գրավը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների կեսից ավելին մերժվել է։

2020-ին դատարանները ստացել են կալանավորման 1 977 միջնորդություն, որից բավարարվել է 1 613-ը, մասնակի բավարարվել՝ 8-ը, իսկ մերժվել՝ 345-ը, 9-ը թողնվել է առանց քննության։ Գրավ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու 462 միջնորդություն է եղել, որից մերժվել է 341-ը, բավարարվել 108-ը, առանց քննության է թողնվել 5-ը։

2021-ին՝ կալանավորման 1 996 միջնորդույթուն, որից բավարարվել է 1628-ը, մերժվել 324-ը, մասնակի բավարարվել 31-ը, թողնվել է առանց քննության 5-ը։ Գրավի 87 միջնորդություններից մերժվել է 66-ը, բավարարվել՝ 13-ը, մասնակի՝ 1-ը, թողնվել առանց քննության՝ 4-ը։

2022-ին կալանավորման միջնորդություններն կրկին ավելացել են՝ 2 258-ից բավարարվել է 1587-ը, մերժվել՝ 441-ը, մասնակի է բավարարվել 152-ը, իսկ 68-ը թողնվել է առանց քննության։ Գրավ կիրառելու 94 միջնորդությունից մերժվել է 63-ը, բավարարվել՝ 24-ը, մասնակի բավարարվել՝ 1-ը։

Եթե առանձին դիտարկենք Երևան քաղաքի դատարանը, ապա 2022-ին ունենք հետրյալ պատկերը՝ ստացվել է 1 518 կալանքի միջնորդություն, բավարարվել՝ 1 030-ը, մերժվել՝ 303-ը, մասնակի է բավարարվել 118-ը, թողնվել աանց քննության՝ 63-ը։ Գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու 41 միջնորդություն է եղել, գերակշիռ մասը՝ 31-ը, մերժվել է։

Այս երեք տարիների վիճակագրությունը վկայում է ոչ միայն կալանավորման միջնորդությունների ավելացման, այլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատարանների հակվածության ու գրավի միջնորդությունները մերժելու պրակտիկայի մասին։

ՀՀ դատախազության գործունեության 2022-ի զեկույցում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունների աճը օբյեկտիվ է համարվում։ Նշվում է, որ «ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թվի ավելացմամբ և, դրանով պայմանավորված, քրեական գործերով քննության պատշաճ ընթացքն ապահովելու նկատառումներով» են կալանավորումներն ավելացել։

Կալանավորման պրակտիկան նաև իշխում է քաղաքական գործերի պարագայում։

Մեկնաբանել