Չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա․ Քոչարյանը՝ Արցախի ԱԺ մեծամասնությանը

Արցախի Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերի վերաբերյալ հայտարարություն է ընդունել, որում նաև կոչ է արել Հայաստանի և Արցախի նախագահներին դատապարտել ՀՀ վարչապետի հայտարարությունները․ «Այլապես, ձեր լռությունը կդիտարկենք որպես ՀՀ վարչապետի հետ համաձայնության նշան»։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է Արցախի խորհրդարանի կոչին․

«Նախագահներին ուղղված վերջնագրային պահանջները իմ մասով համարում եմ անտեղի և վիրավորական: Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում։ Դուք այդքան նաի՞վ եք։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր չտեսնել, որ վերջին երկու տարին Արցախի բացահայտ հանձնում է տեղի ունենում: Մենք դրա մասին խոսել ենք հանրային և բոլոր առիթներով:

Արցախի ԱԺ-ն իր մեծամասնությամբ (բացառությամբ 4 պատգամավորի), իրենց առաջնորդներով որևէ կերպ չի արձագանքել մեր զգուշացումներին: Դուք սատարեցիք Հայաստանի իշխանություններին 2021-ի ընտրությունների ժամանակ: Դուք «չնկատեցիք» նախորդ տարվա ապրիլ-մայիսին Երևանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը: Ձեր հնազանդությամբ և Հայաստանի իշխանություններին գոհացնելու ձգտմամբ դուք թույլ տվեցիք, որ Արցախի ճակատագիրը որոշվի առանց ձեր մասնակցության:

Այնպես որ, չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա: Եվ հաստատ՝ դուք չէ, որ կարող եք դատողություն անել իմ հայրենասիրության մակարդակի մասին: Իմ մոտեցումները չեն փոխվել՝ Հայրենիքի համար պետք է պայքարել, այլ ոչ թե պայքար ձևացնել»,- ասված է Քոչարյանի հայտարարությունում։

***

Մայիսի 22-ին կայացած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականոթյունը․ «Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»,- ասել է Փաշինյանը։

Մայիսի 22-ի երեկոյան գումարված Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանի մտքերի վերաբերյալ հայտարարություն է ընդունվել․ «Մեզ համար անընդունելի և առ ոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմված որևէ փաստաթուղթ»։ Արցախի ԱԺ-ն կոչ էր արել հայությանը թույլ չտալ ՀՀ իշխանություններին Արցախը Ադրբեջանին զիջել։

Մեկնաբանել