Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիին, հայտնում են կառավարության ղեկավարի աշխատակազմից։

Քննարկվել են առևտրատնտեսական փոխգործակցությանը, արևային էներգետիկայի և այլ ոլորտներում ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է հայկական շուկա բրիտանացի ներդրողների ներգրավմամբ:

«Վարչապետը կարևորել է Միացյալ Թագավորության հետ տարբեր ոլորտներում սերտ համագործակցությունն ու զարգացումը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ երկկողմ հարաբերություններն ունեն առաջընթացի մեծ ներուժ: Լեո Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու մասին և հավելել, որ իրենք հետաքրքրված են տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Փաշինյանն ու Դոքերթին անդրադարձ են կատարել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանի ապաշրջափակմանը, սահմանազատման աշխատանքներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ներդրմանը: Վարչապետը նշել է, որ ոչ միայն միջանցքը շրջափակելու, այլ նաև ԼՂ ժողովրդին գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներից զրկելու Ադրբեջանի քաղաքականության նպատակն է էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը:

Մեկնաբանել