Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնելու մանդատ չի կարող ունենալ

Նիկոլ Փաշինյանը համարում է, որ եթե 2020-ի պարտությունից հետո ժողովուրդը իրեն մանդատ է տվել, ասել է թե՝ ներել է, ուրեմն ինքը կարող է անել, ինչ ուզում է։ Այս մտածելակերպը բնորոշ է պոպուլիստ ղեկավարներին՝ «ժողովուրդն ինձ ամեն ինչ անելու իրավունք է տվել»։ Փաշինյանն ու նրա Քաղաքացիական պայմանագիրը 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցում էին Արցախի խնդրի՝ «անջատում հանուն փրկության» կարգախոսով, և Արցախի ինքնորոշման իրավունքը տեղ գտավ նաև կառավարության ծրագրում։

Այս ամսվա սկզբին Ազատությանը տված հարցազրույցում Փաշինյանն ասում էր, թե ժողովրդի մեծամասնությունը նախընտրական ծրագրերը չի կարդում՝ կարծես հիմնավորելով, որ խոստումները քաղաքական պատասխանատվություն չեն ենթադրում։

2021-ի ընտրություններում Փաշինյանի վճռական հաղթանակի համար այլ պատճառներ կային, որոնց այստեղ չեմ անդրադառնա։ Բայց հարկ է շեշտել, որ Հայաստանի ժողովուրդը շարունակում է Արցախի խնդիրը համարել առաջնահերթ, ինչի մասին վկայում են սոցիոլոգիական տարբեր հարցումներ։ Ներքևում, օրինակ, ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ 2023-ի հունվար-մարտին անցկացված հարցման արդյունքներից մի պատկեր է, որտեղ հստակ երևում է՝ Հայաստանի քաղաքացիները կառավարության ձախողումների թվում առաջնահերթ նշում են Արցախի, միջանցքի, բանակի ու անվտանգության հետ կապված խնդիրները։

Մեկ այլ հարցում, որ ՍիվիլՆեթի պատվերով իրականացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC Armenia) 2022-ի նոյեմբերին, ցույց է տալիս, որ Արցախյան խնդրի վերջնական կարգավորումը Հայաստանի բնակիչների 39 տոկոսը տեսնում է Արցախի՝ անկախ պետություն լինելու, 31 տոկոսը՝ Հայաստանի մաս լինելու և 13 տոկոսը՝ Ռուսաստանի կազմում հատուկ կարգավիճակով լինելու ձևով։ Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարությամբ կամ առանց ինքնավարության կողմնակիցների թիվը զրո է կամ մոտ է զրոյին։

Այս և այլ հարցումներ վկայում են, որ իրականում Փաշինյանի իշխանությունը չի ստացել մանդատ գնալու չակերտավոր այս կարգավորմանը, որն ըստ էության նշանակում է Ադրբեջանի բոլոր պահանջների կատարում։
Ավելին, Քաղաքացիական պայմանագիրը 2021-ի հունիսի արտահերթ ընտրություններում ստացել է 689 000 քվե, իսկ ընտրություններին մասնակցած մյուս 25 կուսակցություններն ու ուժերը միասին՝ 583 000։ Ընդ որում՝ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50 տոկոսից պակասը։ Այս ամենը ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանը հեռու է Հայաստանի ընտրողների մեծամասնության քվեն և «ամեն ինչ անելու մանդատ» ունենալուց։

Ավելին, եթե անգամ նա 100 տոկոս քվե ստանար, միևնույն է՝ Հայաստանի որևէ կառավարություն իրավունք չունի հրաժարվելու իրական հայրենիքի մասից ու Արցախի հայերին դնելու էթնիկ զտման վտանգի տակ։

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ու մանիպուլյացիաներին արդեն անիմաստ է անդրադառնալ։ Մայիսի 22-ի ասուլիսին նա, ինչպես նախկինում, կրկին խեղաթյուրեց փաստերը, կրկին հակասեց ինքն իրեն ու կրկին շրջանառության մեջ դրեց Արցախի խնդրի կարգավորման հակահայկական թեզերը։

Փաշինյանի պոպուլիզմը, ստախոսությունը, քավության նոխազների փնտրտուքն ու պատասխանատվությունից խուսափելը իրական սպառնալիք են հայ ժողովրդի ազգային շահերին։ Նրա պատկերացրած պատասխանատվությունը Ադրբեջանի պահանջները կատարելն է ու իր երևակայած խաղաղության պայմանագրին հասնելը, որը խաղաղություն չի բերելու այս երկրին։

«Պատերազմի և անպատվության միջև դուք ընտրում եք անպատվությունը և կստանաք պատերազմը»,- կասեր Չերչիլը։

Մեկնաբանել