Յուրա Մովսիսյան. Այժմ Մխիթարյանն ավելի շատ գոլեր է խփում, քան որևէ մեկը Եվրոպայում

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հարցազրույց է տվել ռուսական «Սպորտ-Էքսպրեսին», որը որոշ կրճատումներով ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։

-Անցած մրցաշրջանում 6 գնդակ խփելու համար Ձեզ անհրաժեշտ էր կես տարի։ Հիմա 6 տուրից հետո Դուք ունեք նույնքան գնդակ։

-Այն ժամանակ «Կրասնոդարում» ես նորեկ էի։ Բնական է, որ գործընկերներին ժամանակ էր պետք, որպեսզի սովորեն իմ խաղաոճին։ Մեզ չէր հերիքում փոխգործակցությունը։ Այժմ ընտելանալու ժամանակ պետք չէր։ Այո՛, թիմում կան մի քանի նորեկներ, սակայն հիմնական կազմը մնացել է, այնպես որ՝ բոլորը գիտեն իմ հնարավորությունները և ուժեղ կողմերը։

-Այժմ Դուք թիմի լիարժեք առաջատարն եք, կարելի է ասել՝ թիմի խորհրդանիշը։ Ձեզ դուր է գալիս նման իրավիճակը կամ կցանկանայի՞ք կիսել այդ պատասխանատվությունն ուրիշների հետ։

-Հաղթելու համար խաղադաշտում նախ և առաջ պետք է լինի 11 ֆուտբոլիստ, ովքեր ցանկացած պահի կարող են պատասխանատվությունը վերցնել իրենց վրա։ Մեկ ֆուտբոլիստը չի կարող առաջատար լինել։ Մյուս կողմից, խաղի և մարզումների ժամանակ ինձ համար կարևոր է օգնել թիմին և ցուցադրել առաջատարի այսպիսի որակներ հենց այն բանի համար, որպեսզի մյուսները, ովքեր փոքր են տարիքով, կարողանան գործի նկատմամբ նման վերաբերմունքը հասկանալ և փոխառել։ Իմ կարծիքով՝ ակումբի զարգացման գրավականը հենց նրանում է, որպեսզի բոլոր խաղացողները սովորեն, այդ թվում և՝ մեկը մյուսից։

-Սակայն «Կրասնոդարն» աճում է, մոտենում լավագույն ութնյակի մակարդակին, և ռոտացիայի անհրաժեշտություն է առաջանում։ Իսկ Դուք, որքան հայտնի է, հիմանական կազմում մրցակցությանն այնքան էլ կողմ չեք։

-Որպես ֆուտբոլիստ, ինձ համար շատ կարևոր է ունենալ խաղային պրակտիկա։ Բոլոր խաղերում՝ անխտիր։ Ես շատ եմ աշխատում մարզումների ժամանակ, որպեսզի մարզիչների մոտ կասկած չառաջանա խաղադաշտում իմ ներկայության հարցում։ Եվ, իհարկե, ջանում եմ որքան հնարավոր է շատ գոլեր խփել։ Քանի որ հենց դրա համար ինձ՝ հարձակվողիս գումար են վճարում։ Ինչ վերաբերում է մեր թիմին, ապա, այո, մենք ընդհուպ մոտեցել ենք առաջատար թիմերին։ Առաջատարների դեմ լավ խաղ ենք ցուցադրում։ Սակայն իրական մեծ թիմ դառնալու համար անհրաժեշտ է բարձր մակարդակով անկացնել բոլոր հադնիպումները։

-Անցած մրցաշրջանում Դուք ընդամենը մեկ գնդակ եք խփել առաջին ութնյակի թիմերի դարպասը, այսօր արդեն՝ երեքը։ Ո՞ր գոլերն են ավելի հիշվում հարձակվողի համար՝ գեղեցիկնե՞րը, թե՞ կարևորները։

-Բոլոր գոլերն ինձ համար կարևոր են։ Անկախ արտաքին գործոններից։ Չեմ հասկանում այն խոսակցությունները, թե այս կամ այն գնդակն ավելի արժեքավոր է։ Փորձե՛ք 14 գնդակ խփել, ինչպես ես արեցի անցած մրցաշրջանում։ Ռուսաստանի առաջնությունում դա այնքան էլ հեշտ չէ, և հաճախ չես հասկանում՝ որ թիմն է ավելի բարձրակարգ, իսկ որը՝ ոչ։ Շատ խաղերի արդյուքններն անկանխատեսելի են։ Այդ պատճառով, կարևորը գնդակ խփելն է, օգնել թիմին հաղթել, այլ ոչ թե գնահատել գոլերը։

-Այո, բայց Դուք գործարանում պտուտակամեր չեք դակում։ Վստահաբար կլինեն այնպիսի գոլեր, որոնք առավել հիշվել են։

-Թերևս, «Լոկոմոտիվի» դարպասը խփածը, ինչպես նաև՝ «Ամկարի» հետ խաղի երկրորդ գոլը։

-Հաջորդ տուրում Դուք հանդիպելու եք ԲԿՄԱ-ի հետ։ Խոսակցություններ կային և կան, որ Ձեզ ուզում են տեսնել ԲԿՄԱ-ում։ Ձեզ իրոք հրավիրե՞լ են։

-Սա այն տեղեկությունը չէ, որով ես կարող եմ կիսվել հանրության հետ։ Մեր ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկու շնորհիվ ես «Կրասնոդարի» ֆուտբոլիստ էի և հիմա էլ հանդիսանում եմ նրա խաղացողը։ Տարբեր ենթադրություններով զբաղվելն, իմ կարծիքով, նշանակում է չհարգել թիմին և նրա երկրպագուներին։ Իսկ դա ես ամենաքիչն եմ ուզում։

-Գիտեմ, որ ռմբարկուների պայքարի մասին խոսակցությունները չեք սիրում։ Իսկ ինչպե՞ս եք վերաբերում հեռակա դիմակայություններին։ Օրինակ, Հայաստանի հավաքականում Ձեր խաղընկեր Հենրիխ Մխիթարյանը հիմա Ուկրաինայի առաջնության առաջատարն է։ Ցանկություն չի առաջանու՞մ մրցել նրա հետ։

-Մենք հաճախ ենք զրուցում Հենրիխի հետ, սակայն ոչ գոլերի մասին։ Այժմ «Շախտյորում» նա ավելի շատ գոլեր է խփում, քան որևէ մեկը Եվրոպայում։ Դա լավ է Մխիթարյանի համար, ինձ համար, թիմի և երկրի համար։

-Հասկանալի է, թե ինչու նրա, երկրի և հավաքականի համար։ Իսկ Ձեզ համար ինչո՞վ է դա լավ։

-Ես պարզապես շատ ուրախ եմ ընկերոջս համար։ Նա դեռ շատ երիտասարդ է, շարունակում է առաջադիմել և շատ հնարավոր է, որ դառնա շատ բարձրակարգ ֆոտբոիստ, ինչը շատ եմ ցանկանում։

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել