Որոշ մարզերում վճարովի ծառայությունների անկում է արձանագրվում. Դերենիկ Դումանյան

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ երեկ կայացել է գործակարգավարական հերթական խորհրդակցությունը մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ, հաղորդում են նախարարության մամուլի ծառայությունից:

Մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուները նախարարին ներկայացրել են մարզային ենթակայության բուժհաստատություններում առկա իրավիճակը, մանրամասն տեղեկացրել վճարովի ծառայություններից և համավճարից գոյացող ֆինանսական հոսքերի, Ծննդօգնության պետական ծրագրերի գործընթացի, ինչպես նաև առկա խնդիրների մասին։

Նախարար Դումանյանը շեշտել է, որ համակարգում առկա խնդիրները համատեղ ջանքերով պիտի լուծվեն։ «Նախարարությունում հետևողական աշխատանք է տարվում ողջ համակարգի համար գործունեության հստակ կանոններ սահմանելու և դրանցով առաջնորդվելու գործընթացը մշտական հսկողության տակ պահելու ուղղությամբ։ Արդեն որոշակի քայլեր արվել են, որոնց մասին տեղեկացնում եմ նաև մարզեր կատարած այցերի ընթացքում։ Այդ համատեքստում վերջերս հաստատվեցին վիրաբուժական միջամտությունների վճարումների ստորին և վերին շեմերը։ Իմ հրամանով ամրագրվել է նաև իրականացված բժշկական ծառայության դիմաց վճարված գումարից աշխատավարձի ֆոնդին փոխանցվող տոկոսադրույքը։ Նման ևս մի շարք մեխանիզմներով մենք գործունեության հստակ կանոններ ենք սահմանում, և բոլորին պարտավորեցնելու ենք աշխատել օրենսդրական այդ դաշտում»,- ասել է Դերենիկ Դումանյանը։

Նա պատրաստակամություն է հայտնել առողջապահության պատասխանատուների հետ առանձին-առանձին քննարկել իրենց մարզերում ազգաբնակչության թվին համապատասխան, կառավարելի և արդյունավետ աշխատող բուժհիմնարկներ ունենալու տեսակետները։ Միաժամանակ հորդորել է առավել ակտիվ գործունեություն ծավալել առկա կառուցվածքային, կադրային և այլ խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս նախարարության մասնագետների հետ վերլուծել մարզերում գործող բոլոր բուժհիմնարկների ֆինանսական հոսքերի հաշվետվությունները։ Մանավանդ, որ որոշ մարզերում վճարովի ծառայությունների անկում է արձանագրվում։

Նախարարը տեղեկացրել է, որ մարզերի ֆինանսավորման բարելավման ուղղությամբ տարվող միջոցառումները շարունակվում են։ Շուտով ծննդօգնության և երեխայի պետական հավաստագրերը մարզային կտրվածքով կտեղայնացվեն։ Դրան զուգահեռ ուղեգրման հստակ չափորոշիչներ են մշակվում։

Նա մարզային առողջապահության պատասխանատուներին հորդորել է արագ արձագանքել ազգաբնակչության դիմում-բողոքներին, ինչպես նաև ոլորտին առնչվող լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին։

Ծննդատներում անհարկի վճարովի ծառայությունների բացառման խնդիրը նախարարը նույն խստությամբ դրել է նաև մարզային բուժհիմնարկների առջև։

Մեկնաբանել