Արտաշատի մանկապարտեզում սննդային թունավորման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն է

Արտաշատի թիվ 4 մանկապարտեզում սննդային թունավորման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն է, հայտնում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

«Մանկապարտեզի ճաշացանկում ներառված սննդամթերքի (խաշած ձու, թանապուր, ոլոռով սուպ, մակարոնով փլավ) նմուշները հանձնվել էին լաբորատոր հետազոտության: Նմուշներ էին վերցվել նաև խոհանոցի և խմբասենյակների շփվող մակերեսներից, ինչպես նաև կենսանմուշներ մանկապարտեզի սաներից և սպասարկող անձնակազմից: Սննդամթերքի փորձաքննության արդյունքներով՝ ներկայացված թանապուրը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ոսկեգույն ստաֆիլակոկ (S․aureus), ոլոռով սուպը՝ ՄԱՖԱնՄՔ և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ մակարոնով փլավը ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին»,- ասված է հաղորդագրությունում։

Խաշած ձվում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: Շեղումներ չեն հայտաբերվել նաև վերցված խմելու ջրի նմուշում։

«Շեղում է արձանագրվել խոհանոցից և խմբասենյակներից վերցված լվացուկներում, իսկ մանկապարտեզի սաների և սպասարկող անձնակազմի կլինիկական նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են նորովիրուսի հարուցիչներ։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ մանկապարտեզում բռնկման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն է»,- նշում են տեսչական մարմնից։

Մայիսի 18-ին Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզից «Սննդային թունավորում չճշտված էթիոլոգիայով» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել 14 երեխա։ Բոլոր երեխաները մայիսի 22-ին դուրս են գրվել մանկական բաժանմունքից:

Մեկնաբանել