2023-ի խաղադրույքների ցուցանիշը. աճի տեմպը կանգնել է

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

«Հրապարակ» օրաթերթը մայիսի 16-ին «Ինչպես Նիկոլը մամուլը զրկեց եկամտից, իսկ խաղամոլների քանակն ավելացավ» վերտառությամբ նյութ է հրապարակել՝ պնդելով, թե Հայաստանում 2023-ի առաջին եռամսյակում կատարվել է 2021-ի ընդհանուր խաղադրույքների մոտ կեսի չափ խաղադրույք։

Հոդվածի արխիվացված տարբերակը

Հրապարակումը արտատպել են Sputnik.Արմենիա, panorama.am, yerevan.today, yerkir.am, news.am, aysor.am և մի շարք այլ լրատվական կայքեր։

Իրականում 2023-ի հունվար-մարտին կատարվել է ընդհանուր 1,3 տրլն դրամի խաղադրույք, իսկ հեղինակի մատնանշած 2021-ի ամբողջ տարում խաղադրույքների ծավալը կազմել է 3,9 տրլն դրամ։ Այսինքն 2023-ի եռամսյակում կատարվել է ուղիղ երեք անգամ քիչ խաղադրույք, քան 2021-ի ամբողջ տարում, այլ ոչ թե «թվի մոտ կեսը»։

Ավելին, նախորդ վեց տարիների ընթացքում գրանցված խաղադրույքների ամենամյա երկրաչափական աճն այս տարի առաջին անգամ կանգնել է։ Այսպես, 2017-ից մինչև 2022-ը ներառյալ թե՛ եռամսյակային, թե՛ տարեկան կտրվածքով կատարված խաղադրույքները ամեն տարի կրկնակի աճում էին։

#CivilNetCheck-ին Պետեկամուտների կոմիտեի տրամադրված տվյալների համաձայն՝ ինտերնետ շահումով խաղերի ոլորտում 2023 առաջին եռամսյակում կատարվել է 1,312 տրլն դրամի, իսկ նախորդ տարի՝ 2022 առաջին եռամսյակում այն կազմել էր 1,290 տրլն դրամ։ Այսինքն՝ աճը կազմել է մոտ 1,6%:

Վերջին տարիների հունվար-մարտ ամիսներին կատարված խաղադրույքների ծավալը ունեցել է հետևալ պատկերը․

Տվյալները աղյուսակային տարբերակով հասանելի են այստեղ

Շահումով խաղերի ոլորտում կատարված խաղադրույքների առյուծի բաժինը վերջին տարիներին մշտապես կազմել են ինտերնետ շահումով խաղերը, այսինքն՝ առցանց կազինոները և սպորտային վիճակախաղերը։ Խաղադրույքների միայն 2 տոկոսն է արվում խաղատներում։ ՊԵԿ-ի տվյալներով՝ 2023-ի առաջին եռամսյակում խաղատներում կատարված խաղադրույքների ծավալը կազմել է 25,5 մլրդ դրամ։

Վերջին տարիներին գրանցված բուքմեյքերական խաղադրույքների շարունակական աճն առավել պատկերավոր երևում է տարեկան ցուցանիշներով, որտեղ բացարձակ ռեկորդը 2022-ին գրանցված 5,774 տրլն դրամ խաղադրույքների ծավալն է։

2022-ի մարտին ընդունված օրենսդրական փոփոխություններով արգելվեց բոլոր տեսակի կազինոների, շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդը։ Օրենքն ուժի մեջ մտավ 2022-ի սեպտեմբերին։ 2022-ի հունիսից արգելվեց կանխիկ եղանակով տոտալիզատորների՝ վիճակախաղերի հաշիվներին գումար մուտքագրելը կամ ելքագրելը։

Կարելի է միայն ենթադրել, որ ոլորտի աճը զսպեց 2023-ի հունվարից ուժի մեջ մտած սահմանափակումը, ըստ որի՝ վիճախաղերի հետ կապված բոլոր գործարքները կարող են կատարվել միայն բանկային քարտով՝ անկանխիկ։

Հարկ է նշել, որ այս տվյալները ստացված են խաղային ոլորտի կազմակերպիչների կողմից ՊԵԿ ներկայացված ֆինանսական հաշվետվություններից, որոնցում ներառված են ոչ միայն Հայաստանի ներսում կատարված խաղադրույքները։ Հայաստանում գրանցված առցանց կազինոները, սպորտային վիճակախաղերը հասանելի են նաև արտերկրում։ Այսինքն՝ դժվար է հստակ նշել, թե խաղադրույքների որքան մասն է կատարվել ՀՀ քաղաքացիների կողմից։

Մեկնաբանել