Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 24-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հերթական անգամ վերահաստատեց, որ ճանաչում է Ադրբեջանի 86 600 քկմ տարածքային ամբողջականությունը և հույս հայտնեց, որ Ադրբեջանն էլ կճանաչի Հայաստանի 29 800 քկմ-ը․ «Հիմա նրանք, ովքեր ասում են, որ Ադրբեջանը 86 600 քկմ չէ, այլ մինուս իքս թիվ է, նրանք միևնույն ժամանակ ասում են, որ ՀՀ-ն 29 800 քկմ չէ, այլ մինուս ինչ-որ իքս թիվ է»։
«Ադրբեջանն ունի շատ հստակ խոսույթ՝ եթե դուք մեր տարածքային ամբողջականությունը չեք ճանաչում, մենք էլ ձերը չենք ճանաչում։ Այսինքն, եթե դուք չեք ճանաչում, որ Ադրբեջանը 86 600 քկմ է, ուրեմն մենք էլ չենք ճանաչում, որ Հայաստանը 29 800 քկմ է։ Եվ այս խոսակցությունը տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ։ Եվ երբ Ադրբեջանը շարունակաբար հարձակվում է ՀՀ-ի վրա, և բնականաբար մենք միջազգային հանրության հետ երկխոսություն ենք ունենում, նրանք էլ (Ադրբեջանը – խմբ․) ասում են՝ Հայաստանն էլ մեր տարածքային ամբողջականությունը չի ճանաչում, ինքն էլ մեր վրա է հարձակվել կամ հարձակվում։ Շատ լավ, մենք կարող ենք ասել՝ մենք չենք ճանաչում Ադրբեջանի 86 600 քկմ-ը և մեր կարծիքով Ադրբեջանը ոչ թե 86 600 քկմ է, այլ 45 700 քկմ է, իրենք էլ կասեն՝ շատ լավ, ուրեմն մեր կարծիքով էլ Հայաստանը ոչ թե 29 800 քկմ է, այլ 8 700 քկմ է»,- ասաց Փաշինյանը։
Մայիսի 22-ին կայացած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականոթյունը․ «Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»։ Փաշինյանը նաև ասել է, որ Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն և Տավուշի մարզի յոթ գյուղերը ներառված չեն։