Չեչեն քաղաքացուն սպառնում է արտահանձնում Հայաստանից Ռուսաստան 

Սալման Մուկաևը

Լուիզա Մչեդիշվիլի, OC Media

Չեչեն տղամարդուն, որը 2020-ին Չեչնիայում խոշտանգումների է ենթարկվել միասեռականության կասկածանքով, Հայաստանից Ռուսաստան արտահանձնում է սպառնում։

Մայիսի 25-ին Երևանում Վերաքննիչ վարչական դատարանում տեղի կունենա Սալման Մուկաևի Ռուսաստան արտահանձնման գործով դատական նիստը, հայտնում է Հյուսիսային Կովկասում գործող NC SOS Crisis Group-ը:

Խումբը Telegram-ում գրել է, որ Մուկաևը «մահացու վտանգի» առաջ է հայտնվելու Ռուսաստանում, որտեղ իշխանությունները ցանկանում են «պատժել նրան փախուստի և համագործակցությունից հրաժարվելու համար»։

Խումբը հաղորդել է նաև, որ Մուկաևը Չեչնիայում ձերբակալվել էր 2020-ին՝ միասեռականության կասկածանքով, և խոշտանգումների է ենթարկվել անվտանգության ուժերի կողմից, որոնք փորձել են նրանից խոստովանություն կորզել, որ սեռական հարաբերություն է ունեցել ընկերոջ հետ։

NC SOS-ը հայտնում է, որ նրան «ծեծել են, կապել կպչուն ժապավենով, խեղդել պայուսակով և խոշտանգել ճկույթին ամրացված մերկ մետաղալարերով», որից հետո Մուկաևին ստիպել են հայտարարել, որ սեռական հարաբերություն է ունեցել ընկերոջ հետ, և ստորագրել դատարկ թղթեր:

Այնուհետև, իբր, նրան հանձնարարվել է առցանց կապ հաստատել միասեռական տղամարդկանց հետ և հրավիրել նրանց բնակարան, որը վերահսկվել է անվտանգության ծառայությունների կողմից: Մուկաևը հրաժարվել է դա անել և հեռացել Չեչնիայից։

«Նովայա գազետա»-ի փոխանցմամբ՝ երկու շաբաթ անց նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, փոխանցելու, վաճառելու, պահեստավորելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով։

«Ազատություն» ռադիոկայանը հայտնել է, որ Հայաստանը 2021-ին, ինչպես նաև եվրոպական այլ երկրներ, դիտարկել է Մուկաևին քաղաքական ապաստան տրամադրելու հարցը։ Այնուամենայնիվ, Մուկաևի` Ռուսաստանի դաշնային հետախուզման մեջ լինելը խոչընդոտել է Հայաստանից նրա հեռանալուն:

Մուկաևի փաստաբանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ իրենք պատրաստ են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եթե նրան արտահանձնելու որոշում կայացվի։

Հյուսիսային Կովկասի SOS ճգնաժամային խումբը Հայաստանում մարդկանց կոչ է արել գալ դատարանի շենք՝ աջակցելու Մուկաևին։

Մեկնաբանել