Նալչիկում հիշատակել են չերքեզների ցեղասպանությունը՝ չնայած արգելքին 

Լուիզա Մչդեիշվիլի, OC Media

Կաբարդինո-Բալկարիայում հարյուրավոր ակտիվիստներ քայլել և հավաքվել են՝ ոգեկոչելու չերքեզների ցեղասպանության 159-րդ տարելիցը և Կովկասյան պատերազմի ավարտը, չնայած տեղական իշխանությունները չեն արտոնել դա անելը:

Երթը կազմակերպել է Կաբարդինո-Բալկարիայի Ադիգե հասարակական միավորումների համակարգող խորհուրդը։

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Համակարգող խորհրդի նախագահ Ասլան Բեշտոն պնդել է, որ իր խմբին մերժել են երթի անցկացման թույլտվությունը՝ հիմնավորելով, որ իրենք իբր սխալ են լրացրել հանրահավաքի հայտը։

Բեշտոն նշել է, որ իրեն ասել են, թե պետք է իշխանություններին տրամադրեր իր անձնագրի տվյալները և տարիքը՝ որպես դիմումի մաս, մի պայման, որը, ըստ Բեշտոյի, երբեք պահանջ չի եղել նախորդ տարիներին հիշատակի օրվա երթեր կազմակերպելիս:

Անցյալ տարի տեղական իշխանությունները չերքեզների ցեղասպանության հիշատակի միջոցառումները նույնկերպ արգելել էին:

Կաբարդինո-Բալկարիան բալկարների և կաբարդինցիների հայրենիքն է, որոնք չերքեզների ենթախումբ են և չերքեզական 12 հիմնական ցեղախմբերից մեկը:

Չերքեզների ցեղասպանությունը 19-րդ դարի Կովկասյան պատերազմի գագաթնակետն էր՝ ռազմական հակամարտություն, որի արդյունքում Ռուսական կայսրությունը գրավեց Հյուսիսային Կովկասը:

Ռուսական ուժերը հարյուր հազարավոր չերքեզների են սպանել ռուս-չերքեզական պատերազմի ժամանակ՝ Կովկասյան պատերազմի արևմտյան ճակատում, իսկ Չերքեզիայի բնակչության ճնշող մեծամասնությունը պատերազմի հետևանքով արտաքսվել է Օսմանյան կայսրություն:

Ցույցին մասնակցած չերքեզ ակտիվիստը OC Media-ին անանունության պայմանով պատմել է, որ 1500-2000 մարդ մասնակցել է դեպի «Պսե ժիգ» (Կենաց ծառ) հուշարձան, որը կանգնեցվել է 2004-ին՝ ի հիշատակ Կովկասյան պատերազմի զոհերի։ Հուշարձանի մոտ մասնակիցները նվագել են ավանդական չերքեզական երաժշտություն:

Կաբարդինո-Բալկարիայի ազգությունների և հասարակական նախագծերի նախարարությունը սեփական միջոցառումն է անցկացրել, որը, ըստ ակտիվիստի, ռուսամետ էր. նրանք չերքեզերենով հին ձայնագրություններ էին նվագում, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես են 19-րդ դարի չերքեզ իշխանները «վիճաբանել իրար հետ, սարսափելի բաներ արել, հետևաբար արժանացել իրենց ճակատագրին»։

«Երբ հասավ պաշտոնական ելույթների ժամանակը, ես հեռացա, քանի որ հոգնել էի ամեն տարի նույն բանը լսելուց՝ «այո՛, պատերազմ եղավ, բայց մենք մեծ Ռուսաստանի մաս ենք կազմում։ Մենք սիրում ենք մեր երկիրը։ Շատ լավ է, արի միասին ապրենք»»,- OC Media-ին ասել է ակտիվիստը։

Մեկնաբանել