Կառավարությունը կփոխհատուցի Ադրբեջանի հարձակումից վնասներ կրած շինարարական ընկերությունների վնասը

Անցած տարի Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների վրա հարձակման հետևանքով մի շարք շինարարական ընկերությունների տեխնիկան անցել է ադրբեջանական կողմին, շինարարական որոշ տեխնիկա էլ վնասվել է ռազմական գործողությունների արդյունքում։ Մոտ 8 ամիս անց կառավարությունը որոշել է փոխհատուցել վնասների գումարը շինարարական ընկերություններին։ Հարցը կառավարության մայիսի 25-ի նիստի օրակարգում է։

«Հարձակման ենթարկված տարածքներում աշխատանքներ կատարող թվով չորս ընկերությունների պատկանող ընդհանուր 17 միավոր տեխնիկա անցել է հակառակորդի տիրապետության տակ, որից՝ 5 միավոր բուլդոզեր, 9 միավոր էքսկավատոր, 3 միավոր «Կամազ» ինքնաթափ, իսկ մեկ ՍՊԸ-ին պատկանող 1 միավոր էքսկավատորը և 1 միավոր «Կամազ» ինքնաթափն ու մեկ ՍՊԸ-ին պատկանող 1 միավոր ավտոկռունկը հակառակորդի գնդակոծության հետևանքով վնասվել են»,- նշված է որոշման հիմնավորումներում։

Սեպտեմբերյան հարձակման ընթացքում այդ տեխնիկան պետության պատվերով նախատեսված աշխատանքներ էր իրականացնում։

Ընդհանուր առմամբ ընկերություններին փոխհատուցվելիք գումարը ավելի քան 773 միլիոն դրամ է։

Մեկնաբանել