Հայաստանը՝ մանկական ուռուցքաբանության և բժշկության քարտեզին

Մայիսի 15-21-ը Երևանի Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովը։ Համաժողովին մասնակցեցին 150 մասնագետներ աշխարհի շուրջ 60 երկրների առաջատար բժշկական կառույցներից և ուսումնական հաստատություններից։ Ներկա էին նաև մանկական ուռուցքաբանության միջազգային միության նախագահն ու Ասիական միության նախագահը։ Մինչև այժմ հետխորհրդային տարածաշրջանում համաժողովը հյուրընկալվել էր միայն Ռուսաստանում։ Մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը ՍիվիլՆեթին պատմեց՝ պատվիրակները տպավորված էին Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի առաջխաղացմամբ։

Համաժողովի շրջանակում տեղի ունեցավ նաև մանկական ուռուցքաբանության ոլորտի կին առաջնորդների միջոցառում-քննարկում։ «Մանկական ուռուցքաբանության ոլորտի կին առաջնորդները» մրցանակն այս տարի շնորհվեց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի դասախոս Լիլիթ Սարգսյանին և Կամբոջայի Japan Heart մանկական բժշկական կենտրոնի մանկաբուժության տնօրեն Մարիկո Կակազուին:

Մասնագետները ներկայացրին իրենց պատմությունը, ոլորտում կատարած աշխատանքը: Լիլիթ Սարգսյանի խոսքով՝ «այս մրցանակի նպատակն այն էր, որ նույնիսկ այնպիսի ծանր մասնագիտության մեջ, ինչպիսին մանկական ուռուցքաբանությունն է, կան կանայք, որոնք կարողացել են համատեղել ընտանիքը, աշխատանքը և հաջողություններ են արձանագրել:

«Եվ սա պետք է մոտիվացնի այն կանանց, որոնք այս ամենին թերահավատորեն են մոտենում»,- նշեց Լիլիթ Սարգսյանը։ Նա ներկայացրեց մանկական ուռուցքաբանության ոլորտում վերջին տասնամյակներում Հայաստանի գրանցած հաջողությունները։ «90-ականներին Հայաստանը կանգնած էր տնտեսական խնդիրների առջև, որոնք պայմանավորված էին 1988-ի երկրաշարժով, Խորհրդային Միության փլուզումով և Արցախյան պատերազմով։ 1995-ին մահացությունը մանկական քաղցկեղից 97 տոկոս էր, այս ախտորոշումը նշանակում էր մահ, սակայն կարճ ժամանակահատվածում համապատասխան ներդրումների շնորհիվ ախտորոշված երեխաների ապրելիության ցուցանիշը հասավ 70 տոկոսի»,- հիշում է բանախոսը։ Խոսնակը ընդգծում է, որ ոլորտի բարեփոխումների մեջ հսկայական դեր է ունեցել գերմանական “Hilfe fur Armenien” բարեգործական կազմակերպությունը, և 2000-ականներին ռադիոլոգիական հետազոտությունները Հայաստանում հնարավոր դարձան։

Խոսնակները ներկայացրին այն անձնական իրադարձությունները, որոնք դրդեցին ընտրել ուռուցքաբանի մասնագիտությունը։ Մարիկո Կակազուն նշեց, որ Կամբոջայում աշխատելու իր որոշումը հանդիպեց ընտանիքի և գործընկերների դիմադրութանը։ «Չկար ոչ մի ենթակառուցվածք, չկային անհրաժեշտ միջոցներ, ամեն օր լինում էին էլէկտրականության անջատումներ, չէինք կարողանում վիրահատություններ անել, իսկ բժշկական անձնակազմը չուներ բավարար փորձ։ Մենք սկսեցինք այցելել այլ հիվանդանոցներ փորձի փոխանակման համար, մեծ աշխատանքներ տարանք, և այսօր մեր հիվանդանոցում արվում է տարեկան հարյուր հետազոտություն, ունենք բազմաթիվ կամավորներ Ճապոնիայից, սա բավարար չէ, բայց առաջընթաց է»,- պատմում է Կակազուն։

Խոսելով համաժողովի կարևորության մասին՝ Մանկական ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը նշեց, որ այս համաժողովի շնորհիվ Հայաստանը հայտնվում է մանկական ուռուցքաբանության և բժշկության քարտեզին։ Խոսելով միջազգային վիճակագրության մասին՝ նա հավելեց, որ աշխարհում քաղցկեղով հիվանդ երեխաների 40 տոկոսը ախտորոշում չի ստանում, իսկ Հայաստանում չախտորոշված դեպքերի թիվը շատ փոքր է՝ չնայած հրապարակված հետազոտություն այս ոլորտում չկան։

Պատրաստեց Հասմիկ Հովհաննիսյանը

Մեկնաբանել