Արևմուտքը փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին․ Շոյգու

Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը: Այդ մասին մայիսի 25-ին Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին, ապա այն մեծապես որոշվում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմամբ։ Այժմ Լեռնային Ղարաբաղում անվտանգությունն ապահովում է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Սակայն Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը»,- ասել է Շոյգուն։

Նրա խոսքով ՝ Արևմուտքի նպատակը «Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է, այլ ոչ թե երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանի անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելը»։

«Դրա օրինակը Հայաստանում Եվրամիության, այսպես կոչված, քաղաքացիական առաքելությունն է, որում ընդգրկված են զինծառայողներ և հատուկ ծառայությունների աշխատակիցներ։ Կարծում եմ ՝ պետք չէ բացատրել, թե իրականում ինչով են նրանք զբաղվում»,- նշել է Շոյգուն։

ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է տարածաշրջանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու ուղղությամբ աշխատանքի շարունակման անհրաժեշտությունը։

Մեկնաբանել