Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ․ Պուտին

Ռուսաստանը Լաչինի միջանցքի վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխել։ Այդ մասին մայիսի 25-ին Մոսկվայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասաց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Դուք գիտեք մեր դիրքորոշումը եռակողմ հայտարարության, Լաչինի միջանցքի վերաբերյալ։ Մենք երբեք չենք փոխել մեր դիրքորոշումը»,- հայտարարեց Պուտինը։

Ռուսաստանի նախագահը Հայաստանի ղեկավարին շնորհակալություն է հայտնել ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությանը դեմ չլինելու համար։ Ըստ Պուտինի՝ դա արդյունավետ է տարածաշրջանային տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից և հնարավորություն է ստեղծում երկխոսության համար։

«Մենք դեռ հնարավորություն կունենանք եռակողմ ձևաչափով խոսել տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերի շուրջ։ Հարցերը շատ կարևոր են, զգայուն։ Վստահ եմ, որ եթե մենք, ի վերջո, չնայած բոլոր դժվարություններին, հասնենք այդ հարցերի լուծմանը, ապա դա անկասկած օգուտ կբերի ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին, և ոչ միայն երկու երկրներին, այլև ամբողջ տարածաշրջանին։ Շատ պետություններ շահագրգռված են այս հարցում, և դա կնպաստի հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով, այդ թվում ՝ քաղաքական, այն մարդկանց անվտանգության ապահովման տեսանկյունից, ովքեր բնակվում են այդ տարածքում»,- ասաց ՌԴ ղեկավարը։

Փաշինյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանը ևս շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում։

«Մենք պատրաստ ենք ձեռնամուխ լինել տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի և հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ մեր երկրի ինքնիշխանության և իրավասության հիման վրա: Ես ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել այդ դիրքորոշումը։ Հայաստանի և սահմանապահ ծառայությունները, և մաքսային ծառայությունները պատրաստ են ապահովել բոլոր տրանսպորտային միջոցների, մասնավորապես, երկաթուղային շարժակազմերի բնականոն անցումը Հայաստանի տարածքով։ Մենք ակնկալում ենք, որ ադրբեջանական երկաթուղին նույնպես բաց կլինի ՀՀ բեռների, երկաթուղային շարժակազմերի համար Նախիջևանով, Ադրբեջանով, օրինակ՝ դեպի Ռուսաստան և Իրան»,- ասաց նա։

Փաշինյանը նկատեց, որ իրավիճակը բավականին լարված է Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում․ «Ցավոք, ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանն ապօրինի շրջափակել է Լաչինի միջանցքը, ինչի պատճառով Լեռնային Ղարաբաղը հայտնվել է հումանիտար ճգնաժամի իրավիճակում։ Դուք գիտեք, որ նաև բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ դադարեցվել է, արգելափակվել է Ադրբեջանի կողմից, ինչը խորացնում է հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ ԼՂ պարենամթերքի մատակարարումը բարդացել է։ Իհարկե, այս հարցում աջակցում են ռուս խաղաղապահները, բայց, ցավոք, ինչպես ասացի, Լաչինի միջանցքի արգելափակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ»։

Մինչև Փաշինյանի հետ հանդիպումը, Պուտինը հանդիպում է անցկացրել Ալիևի հետ։ Երկկողմ հանդիպումներին հաջորդելու է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։

Մեկնաբանել