Ղուրանի այրման գործը Վոլգոգրադից տեղափոխվել է Չեչնիա

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Կադր՝ Վոլգոգրադի տաճարի մզկիթի մոտ Ղուրանի այրման տեսանյութից

Ռուսաստանի հարավարևմտյան Վոլգոգրադ քաղաքում Ղուրանը այրելու մեջ մեղադրվող անձի գործի հետաքննությունը տեղափոխվել է Չեչնիա։ Ռուսաստանի Քննչական կոմիտեի պնդմամբ՝ արարքին դրդել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։

Մայիսի 19-ին սոցցանցերում հրապարակվել էր տասը վայրկյան տևողությամբ տեսանյութ, որում անհայտ անձը Վոլգոգրադի մզկիթի ֆոնին այրված Ղուրան է պահում։

Հաջորդ օրը Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարեց, որ նույն քաղաքի բնակիչ Նիկիտա Ժուրավելին կալանավորել են, և նրա դեմ Վոլգոգրադում քրեական գործ է հարուցվել «հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու» մեղադրանքով։

Սակայն կիրակի օրը Քննչական կոմիտեն հայտարարել է, որ գործը նախաքննության նպատակով տեղափոխվել է Չեչնիա։ Հայտարարությունում ասվում է, որ որոշումը կայացվել է տարբեր գործոնների հիման, մասնավորապես «Չեչնիայի Հանրապետության բնակիչների բազմաթիվ դիմումների հիման վրա՝ իրենց տուժող ճանաչելու խնդրանքով»:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ըստ Ժուրավելի ցուցմունքի՝ նա այրել է Ղուրանը «Ուկրաինայի հատուկ ծառայությունների ցուցումով 10 000 ռուբլի (120 դոլար) պարգևի դիմաց», և նրանց հրահանգով նկարահանել է ռազմական օբյեկտները։

Մայիսի 20-ին Ժուրավելի կալանավորման և նրա դեմ գործ հարուցելու մասին հաղորդումից մոտ մեկ ժամ անց Քննչական կոմիտեն հրապարակել է տեսանյութ, որում Ժուրավելը նկարագրում էր իր գործողությունները։

Տեսանյութում նրա դեմքը լղոզված է, իսկ ձայնը՝ փոփոխված։ «Ես գնել եմ Ղուրանը [Ուկրաինայի անվտանգության ծառայության] հրահանգով և այրել այն 2023-ի մայիսի 4-ին մզկիթի մոտ […] և նկարահանել այն իմ սեփական հեռախոսով»,- ասում է նա։ «Տեսանյութն ուղարկվել է [Ուկրաինայի անվտանգության ծառայության] սպաներին»։

Վոլգոգրադյան V1.ru լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժուրավելը 19 տարեկան է, ծնվել է Սևաստոպոլում, Վոլգոգրադում աշխատել է որպես սննդի առաքիչ։ Եթե Ժուրավելին մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է երեք տարվա ազատազրկում։

Կադիրովը չի արձագանքել

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դեռևս չի արձագանքել Վոլգոգրադում տեղի ունեցող զարգացումներին։ Այնուամենայնիվ, Կադիրովը, որը հայտնի է մի շարք հարցերի, մասնավորապես ենթադրյալ հակաիսլամական գործողությունների և հռետորաբանության շուրջ բարձրաձայնելու համար, սոցցանցերում բազմիցս սպառնալիքներ է հնչեցրել Ղուրանը այրողների կամ վնասողների հասցեին։

Հունվարի 22-ին Կադիրովը դատապարտել էր շվեդ ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Ռասմուս Փալուդանի կողմից Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանի այրումը։ Ըստ Կադիրովի՝ միջադեպը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը Ուկրաինայում կռվում է «սատանիստական» ուժերի դեմ։

Կադիրովի հայտարարությունից հետո Փալուդանը առնվազն երկու անգամ այրել է Ղուրանը՝ որպես բողոք «Չեչնիայի և նրա առաջնորդի» և չեչեն UFC-ի մարտիկ Խամզաթ Չիմաևի դեմ, որոնք Պալուդանին մեղադրել էին «ահաբեկիչ» լինելու մեջ։

Մարտի 16-ին Կադիրովը Տելեգրամում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Ուկրաինայի Զինված ուժերի համազգեստի նման զինվորական հագուստ կրող անձինք Ղուրանից մի էջ պոկում՝ կրակ վառելու համար: Տեսանյութի մասնակիցների մահապատժի համար Կադիրովը խոստացել է 5 միլիոն ռուբլի (63 000 դոլար), իսկ նրանց կենդանի բռնելու համար՝ 10 միլիոն ռուբլի (125 000 դոլար):

Մեկ ամիս անց՝ ապրիլի 15-ին, Կադիրովը գրեց Ղուրանի այրման ևս մեկ դեպքի մասին, այս դեպքում՝ Մոսկվայում գտնվող մի լճի մոտ, և պնդեց, որ միջադեպը «սադրանք» էր՝ կապված Ռուսաստանի մայրաքաղաքում մզկիթի կառուցման հետ։

Մզկիթի կառուցման դեմ մեկուկես ամիս բողոքի ալիք էր բարձրացել, ինչի պատճառով իշխանությունները փոխել էին դրա վայրը: Կադիրովը, որը նախկինում կոչ էր անում դատել կամ մոբիլիզացնել ցուցարարներին, իշխանությունների այդ որոշումը որակել է «բոլորին գոհացնող հրաշալի որոշում»։

Մեկնաբանել