Առկա բանակցային բովանդակությունը կառավարության ձախողված քաղաքականության արդյունքն է

Մայիսի 22-ին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հերթական մամուլի ասուլիսը, որի ընթացքում Հայաստանի վարչապետը չորս ժամից ավել պատասխանեց լրագրողների հարցերին։ Ինչպես և ակնկալվում էր, Փաշինյանը ասուլիսի ընթացքում հերթական անգամ մի շարք աղմկահարույց հայտարարություններ արեց։

Հայաստանի վարչապետը վերահաստատեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քառակուսի կիլոմետր սահմաններով՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղը ևս ներառված է այդ սահմանների մեջ։ Մինչ այդ՝ 2022 թվականի հոկտեմբերին, Հայաստանի ղեկավարը գրեթե նույն բովանդակությամբ հայտարարություն էր ստորագրել Պրահայում։

Փաշինյանի այս հայտարարությունը բուռն քննարկումների պատճառ է դարձել Հայաստանում և Արցախում։ Հանրային դժգոհության ալիքը չեզոքացնելու ու քննադատությունները լռեցնելու համար իշխանությունները ու տարատեսակ իշխանամերձ շրջանակներ վերջին օրերի ընթացքում մի քանի հիմնական թեզեր են շրջանառության մեջ մտցրել։

Նմանատիպ հիմնական թեզերից մեկը այն է, որ բանակցային գործընթացում առկա օրակարգի ձևավորումը անխուսափելի էր, քանի որ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունն է, և իրադարձությունների զարգացման այլ տարբերակներ պարզապես չկային։

Այն, որ 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունը լրջագույն հարված է հասցրել Հայաստանի ռազմական կարողություններին ու բանակցային դիրքերին, անժխտելի է։ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ այս փուլում առկա բանակցային բովանդակությունը նաև Հայաստանի իշխանությունների անհետևողական, ոչ պրոֆեսիոնալ ու անտրամաբանական քաղաքականության արդյունքն է։

Պատերազմի ավարտից հետո միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, հստակ հնչցրել էր հակամարտության կարգավորման հարցում իր մոտեցումները։ 2021 թվականի ապրիլին համանախագահները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում նշում էին, որ հակամարտությունը պետք է կարգավորվի «կողմերին լավ հայտնի տարրերի ու սկզբունքների հիման վրա», այսինքն՝ Մադրիդյան սկզբունքների: Նույն հայտարարության մեջ նրանք խոսում էին նաև Լեռնային Ղարաբաղ համանախագահների այցերի վերսկսման անհրաժեշտության մասին և կոչ էին անում կողմերին չխոչընդոտել այդ այցերը։

Այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունները չկարողացան օգտագործել միջազգային բարենպաստ մոտեցումները և մսխեցին այս չափազանց կարևոր ռեսուրսը։ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած առաջին եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ չկար որևէ հիշատակում ոչ Մինսկի խմբի, ոչ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի մասին։ Այդ ամենը տեղի էր ունեցել հայկական կողմի համաձայնությամբ։

Երկրորդ չհաշվարկված որոշումը, որը մեծապես նպաստել է առկա բանակցային բովանդակության ու միջազգային դերակատարների այսօրինակ պատկերացումների ձևավորմանը, անշուշտ, Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի ապրիլի 13-ի ելույթն ու դրան հաջորդած ողջ օրակարգն էր, որը պայմանականորեն կարելի է անվանել նշաձողի իջեցման օրակարգ։ Փաշինյանը այդ ելույթով պատրաստակամություն հայտնեց ֆունդամենտալ զիջման գնալ, երբ բանակցությունները նույնիսկ չէին մեկնարկել։ Երևանի հաշվարկը, ամենայն հավանականությամբ, այն էր, որ Բաքուն հետաքրքրված էր փոխզիջումային լուծումներով։ Սակայն ինչպես նախորդ տարվա ապրիլին, այնպես էլ հիմա Ադրբեջանը հետապնդում է առավելապաշտական նպատակներ։

Նշաձողի իջեցման քաղաքականության արդյունքում Ադրբեջանը որևէ զիջումների չգնաց և փոխարենը ավելի կարծրացրեց իր դիրքորոշումները։ Հայաստանի կողմից իր կենսական դիրքորոշումներից հրաժարվելու պարագայում միջազգային դերակատարները ևս հակված էին առաջ շարժվել ադրբեջանական պատկերացումներով։ Նրանց առաջնահերթությունը տարածաշրջանային կայունությունն է և նրանց տեսանկյունից այդքան էլ էական չէ, թե այդ կայունությունը որ կողմի շահերի հաշվին է հաստատվում։

Նշաձողի իջեցման քաղաքականության արդյունքում Հայաստանը ստացավ սեպտեմբերյան էսկալացիան, մարդկային ու տարածքային կորուստներ։ Երևանը բանակցային գործընթացում իրավիճակը հասցրեց մի հանգրվանի, երբ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում այլևս չկա որևէ նշաձող, և այս իրավիճակը ընդունելի է նաև միջազգային հանրության համար։

Պետք է նաև արձանագրել, որ բանակցային այսպիսի վատ բովանդակություն սեղանին չի եղել որևէ իշխանության օրոք։ Նույնիսկ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում հայկական կողմերի համար ամենածանր պահերին կար միջազգային ընկալում, որ Լեռնային Ղարաբաղը կարող է լինել Ադրբեջանի կազմում առնվազն ինքնավարության տեսքով։

Իշխանություններն ու իշխանամերձ շրջանակները, ինչպես նաև որոշ անկախ փորձագետները այս պնդմանը հակադարձում են, որ Բաքու-Ստեփանակերտ բանակցային մեխանիզմի ստեղծման պարագայում կարող է քննարկվել նաև ԼՂ կարգավիճակի հարցը։ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Ադրբեջանը երբևէ չի համաձայնելու կարգավիճակի հարց քննարկել Ստեփանակերտի հետ։ Ավելին, խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ինքնին Արցախում պետական միավորի գոյությունն է կասկածի տակ լինելու։ Ադրբեջանը օգտագործելու է այդ փաստաթուղթը և փորձելու է հասնել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև բոլոր կապերի խզմանը։ Իսկ առանց Երևանի ֆինանսատնտեսական աջակցության Լեռնային Ղարաբաղը չի կարող գոյություն ունենալ որպես ինքնուրույն միավոր։

Եվ վերջապես, ներկայիս բանակցային բովանդակության առկայությունը պայմանավորված է Հայաստանի իշխանությունների անկարողությամբ վերականգնել երկրի ռազմական կարողությունները վերջին երկու տարվա ընթացքում։ Այս ուղղությամբ հետևողական աշխատանքի բացակայությունը զուգորդվում և ինչ-որ չափով պայմանավորվում էր նաև այն մանկամիտ պատկերացումներով, որ միջազգային հանրությունը կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը ու պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը։ Արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, երբ Բաքուն պարբերաբար փոխում է գետնի վրա առկա իրողությունները և բոլոր միջազգային դերակատարներին տեղի ունեցած փաստի առաջ կանգնեցնում։

Զավեշտալիորեն անմիջական պարտականությունների ու գործառույթների տոտալ ձախողման պայմաններում Հայաստանի իշխանություններն ու նրանց տեղեկատվական սպասարկուները խոսում են լուծումների բացակայության մասին և այլընտրանքներ են պահանջում հասարակությունից։

Կառավարության արտաքին քաղաքական ու անվտանգային ֆիասկոյի պայմաններում, անշուշտ, անիմաստ է խոսել այլընտրանքների մասին։ Չհաշվարկված ու անհետևողական քաղաքականությամբ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն չի նպաստել ու չի նպաստելու Հայաստանի ու Արցախի անվտանգությանը, այլև լեգիտիմացրել ու լեգիտիմացնելու է Ադրբեջանի առավելապաշտական գործելաոճը տարածաշրջանում։

Մեկնաբանել