Վրաստանը տարածաշրջանի աութսայդեր՝ ըստ հղիության արձակուրդի փոխհատուցման ծավալի

Վրաստանը հղիության և ծննդաբերության արձակուրդի փոխհատուցման ծավալներով տարածաշրջանի աութսայդերն է, հաղորդում է «Բիզնես Գրուզիան»: Մասնավորապես՝ Վրաստանում ծննդկանին հատկացվում է 600 լարի (145 հազ. դրամ), Հայաստանում 2700 լարի (656 հազ. դրամ), Ռուսաստանում՝ 7300 լարի (1,7 մլն դրամ): Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այստեղ կինը կարող է արձակուրդ գնալ մեկ տարվա ընթացքում և փոխհատուցման ծավալը աշխատավարձի չափով է: Ադրբեջանում միջին աշխատավարձը 700 լարի է (170 հազ. դրամ), փոխհատուցման ծավալը կազմում է 8462 լարի (2 մլն դրամ):

Վրաստանում խորը դժգոհության առիթ է դարձել նաև ծննդաբերության արձակուրդի կրճատումը 1 տարուց մինչև 4 ամիս: Փորձագետների կարծիքով՝ աշխատանքային օրենսգրքի նման փոփոխությունները չեն կարող նպաստել Վրաստանում ժողովրդագրական իրադրության բարելավմանը:

Վրաստանում ընդդիմությունը արդեն մի քանի տարի է՝ պահանջում է ավելացնել ծննդաբերության արձակուրդի ժամկետը 126 օրից մինչև 180 օր և փոխհատուցման ծավալը՝ 600 լարիից մինչև 1000 լարի (243 հազ. դրամ):

Ընդդիմադիր կուսակցությունները վերոնշյալ փոփոխությունների իրականացման օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել, որը սակայն, ըստ նրանց, միտումնավոր կասեցվել է խորհրդարանական մեծամասնության կողմից:

Մեկնաբանել