Սիրիահայերը կազատվեն վիզայի երկարաձգման համար պետական տուրքից

Կառավարության` այսօր կայացած հերթական նիստում, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, հավանություն է տրվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որով սիրիահայերը կազատվեն Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրի երկարաձգման համար պետական տուրքից:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն` հաշվի առնելով Սիրիայի ներկայիս պատերազմական իրավիճակը և քաղաքական հնարավոր զարգացումները, Սիրիայում բնակվող մոտ 100 հազար հայերին սպառնացող վտանգը, կառավարությունը շտապ միջոցներ է ձեռնարկում նրանց անվտանգությունն ապահովելու և վերադարձը հայրենիք կազմակերպելու համար։

«Եթե ստեղծվում են արտակարգ իրավիճակներ, որոնց համար մեր հայրենակիցները մեղավոր չեն և չեն կարողանում պահպանել պաշտոնական ընթացակարգերը, ապա մենք նրանց ազատում ենք տույժ ու տուգանքից, ստեղծում ավելի հարմարավետ պայմաններ, որպեսզի նրանք իրենց խնդիրները կարողանան լուծել` մնալով հայրենիքում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։

Մեկնաբանել