Անհաղորդ ենք սևազգեստ մոր ցավին

Ոչ ոք չի կարող զգալ կամ որևէ կերպ կիսել, ամոքել այն անհատակ ցավը, որն իր մեջ կրում է սևազգեստ մայրը։ Ընկերներիցս մեկը պատերազմի օրերին գրել էր․ «Տղամարդիկ մեռնում են ռազմի դաշտում մեկ անգամ, իսկ նրանց մայրերը՝ ամեն վայրկյան ու այդպես մի ողջ հավերժություն»։

Մենք առանց կանանց կամքը հաշվի առնելու վերցնում ենք նրանց զավակներին և տանում ենք բանակ, ինչպես պահանջում է զինապարտության օրենքը, հետո վերադարձնում անշնչացած մարմին կամ մասունք, և որպես սփոփանք ավելացնում «Հերոս» որակումը։

«Ես առողջ էրեխա եմ տվել, բայց էսօր միձեռանի, միոտանի էլ եմ տեր… Ողջ եմ ուզում իմ էրեխին…, խնդրում եմ…», – հեծեծում էր ժամկետային զինծառայողի մայրը, որը դեռ սպասում էր որդուն։

Նրանք սպասում են, ու՝ ապարդյուն, նրանք ամեն օր սգում են․․․

Երբ «Հանո՛ւն հայրենիքի» բղավելով՝ տանում եք նրանց որդիներին, չեք էլ հարցնում, ասում եք՝ որդիդ հայրենիքինն է։ Չեք հարցնում նաև այն ժամանակ, երբ անշնչացած մարմինը վերադարձնում եք մորը և ասում․ «Մեր հերոսն է, պետք է լինի հերոսների պանթեոնում»։ Հետո գնում ու խմում եք կանանց կենցը՝ ասելով, որ նրանք են ծնում հերոս որդիներին։

Այս ամբողջ շղթայում մայրերի զգացմունքները բացակայում են, միայն պոռթկում են ցավի, արցունքի տեսքով, որոնց գրեթե միշտ անհաղորդ ենք։ Նրանց հանկարծ նկատում ենք, երբ կանգնում են կառավարության, Ազգային ժողովի շենքի առաջ՝ ցավից սեղմած ատամներով, սպասում, որ որևէ մեկը կառավարությունից կմոտենա ու կխոսի իրենց հետ, բայց՝ ապարդյուն։

Նրանց հիշում ենք, երբ պաթոսով լի հոդվածներ պետք է գրենք՝ բարձրացնելու ազգի ռազմական ոգին, կամ նրանց ցավը պետք է դարձնենք քաղաքական շահարկումների մաս, իսկ հետո, հետո էլի մոռանում ենք։

Մայրերը ցավից կարող են թմրել, մայրերը ցավից կարող են գոռալ, մայրերը ցավից կարող են նույնիսկ անընդունելի արարք կատարել, բայց ինչի՞ համար ենք մենք, որ չփորձենք աջակցել, օգնել, հասկանալ, հոգ տանել նրանց մասին։

Այս օրերին ինձ համար անընդունելի մի իրավիճակ է ստեղծվել․ կնոջը, որդեկորույս կնոջը մենք փակել ու պատնեշել ենք մեզնից, այն կնոջը, որը մեր աջակցության կարիքն ունի։ Մենք մոռացել ենք, բթացել ենք, անհաղորդ ենք դարձել նրա ցավին ու զբաղված ենք միմյանց թունավորելով, վիրավորելով, պարզելով, թե ով է հերոս, ով՝ ոչ։

Հանրային խոսք հնչեցնող քաղաքական գործիչները մի վայրկյան իրենց հաշիվ չեն տվել, թե իրենց յուրաքանչյուր բառն ինչպես կընկալվի որդեկորույս մոր կողմից։ Երբ բարձրագույն ամբիոնից հնչում է․ «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը, իհարկե՝ առանց զոհերի», մտածու՞մ ենք, թե ինչ է կատարվում որդեկորույս մոր սրտում, նրա որդին կարող էր ապրել, բայց չապրեց։ Մենք չպահպանեցինք նրա կյանքը։

Երբ Եռաբլուրում բռնություն ենք կիրառում որդեկորույս ծնողների նկատմամբ և բռնություն գործադրող իրավապահ գեթ մեկ ներկայացուցիչ դրա համար պատասխանատվության չի ենթարկվում, մտածո՞ւմ ենք, թե ինչ է կատարվում որդեդկորույս մոր հոգում, ինչպես է ալեկոծվում հոգեկան տառապանքից մաշված նրա ողջ էությունը։

Մենք անջրպետվել ու փակել ենք բոլոր ճանապարհները, լցրել անզգամությամբ ու բռնությամբ այն տարածքները, որտեղ կարող էինք խոսել, կարեկցել ու աջակցել կյանքում ամենաթանկը կորցրած մայրերին։

Պետությունը բավականաչափ հոգատար չգտնվեց սևազգեստ մայրերի հանդեպ, այն սարսափելի տեսարաններին, որոնք մենք տեսանք զինվորների մասունքների պահպանման, անփույթ վերաբերմունքի առումով, և ոչ մի արդարացում չի կարող լինել։

Մենք ուղղակի տվեցինք ֆինանսական աջակցություն և մտածեցինք, որ բավարար է։ Իսկ հոգեբանական աջակցության տեսանկյունից մենք ընդհանրապես զգայուն չենք, խոսքս ոչ միայն հոգեբան-մասնագետների անհատական աշխատանքի մասին է, այլ հանրային խոսք հնչեցնողների զգայունության։ Այստեղ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության գործիչները ծայրահեղ սադրող և մարդկանց ցավն իրենց քաղաքական նպատակահարմարության համար օգտագործելու նպատակ են հետապնդում, իսկ դա անմարդկային է։ Մեր ոչ զգայուն վարքի արդյունքում ունենում ենք պոռթկումներ, որոնք կարող էին նաև չլինել, եթե մենք լինեինք մարդկային։

Իսկ սևազգեստ մորը փակի տակ պահելը կեռապատկի նրա ցավն ու կվատթարացնի նրա հոգեկան վիճակը, որի թեթևացման համար մենք այսքան ժամանակ գրեթե ջանք չենք գործադրել։

Մեկնաբանել