Մոսկվայում քննարկվել է Լաչինի միջանցքի փակման թեման, արդյունքները գոհացնող չեն․ Փաշինյան

Լաչինի միջանցքի փակման թեման քննարկվել է մայիսի 25-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում, արդյունքները գոհացնող չեն։ Այդ մասին ԱԺ-ում 2022-ի պետբյուջեի տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քննարկման թեմաներից մեկը վերաբերում էր ԼՂ-ում հաստատված հումանիտար իրավիճակին, Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը։ Այս թեման մենք քննարկել ենք ՌԴ մեր գործընկերների հետ, և ես չեմ կարող ասել, որ այդ քննարկման արդյունքները գոհացնում են։ Պետք է արձանագրենք, որ սա ցավալի իրավիճակ է, և ես նաև հրապարակային առիթ ունեցա ասելու, որ Լաչինի միջանցքի փակումը տեղի է ունեցել, ըստ էության, ռուս խաղաղապահների աչքի առաջ և ներկայությամբ, ինչը բավականին մտահոգիչ է։ Մենք շարունակելու ենք մեր քննարկումները, այդ թվում՝ ռուսաստանցի մեր գործընկերների հետ՝ այս իրադրության կարգավորման ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց, որ մոսկովյան քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեմային․ «Մենք ասել ենք, որ պատրաստ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Մենք հիմա փորձում ենք աշխատել երկաթուղային ենթակառուցվածքների բացման ուղղությամբ։ Ընդ որում, այստեղ էլ իմ ասած սկզբունքի շրջանակում մենք բավականին մեծ ճկունություն ենք ցուցաբերում»։

Փաշինյանը խոսեց նաև հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ հանդիպմանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ հնարավոր փաստաթղթի ստորագրման մասին․ «Այս պահին չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել»։ Նա տեղեկացրեց, որ մայիսի սկզբին՝ վաշինգտոնյան բանակցություններից առաջ, հայկական կողմը Ադրբեջանին փոխանցել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի 4-րդ խմբագրումը, և դեռ մեկնաբանություն չի ստացել։

Մեկնաբանել