Ադրբեջանի կողմից երկու հայ զինծառայողների առևանգման դեպքով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

Ադրբեջանի կողմից երկու հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը մայիսի 28-ին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանը։

«Դիմել ենք միջանկյալ միջոց կիրառելու պահանջով՝ զինծառայողների կյանքի իրավունքը ապահովելու նպատակով։ Ադրբեջանը պետք է դատարանին ներկայացնի նրանց պահման պայմանները, բժշկական և այլ փաստաթղթեր։ Երբ դատարանն ուղարկի այդ պահանջն Ադրբեջանին, այդ ժամանակ պատասխանի ժամկետ կնշանակի»,- ասաց Սամվելյանը։

***

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 26-ին Ադրբեջանն ապօրինի առևանգել է մարտական հենակետեր սնունդ մատակարարող Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանին և Կարեն Աշոտ Ղազարյանին։

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հաղորդել էր իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարած երկու հայ զինծառայողների ձերբակալության մասին։

Հայկական կողմը հերքել էր դիվերսիոն ներթափանցման վերաբերյալ Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը և հրապարակել էր միջդիրքային ճանապարհին հրապարակված երկու զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար․ «Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ»։

Մեկնաբանել