«Վովայի Արշակը» չի հասկանում, թե ինչու են իրեն դատում․ մանրամասներ նիստից

Հակակոռուպցիոն դատարանում մայիսի 29-ին շարունակվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում ցուցմունքներով հանդես եկան վկաները։ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, որը հայտնի է «Վովայի Արշակ» մականվամբ, չի հասկանում, թե ինչու են իրեն դատում։

Արշակ Հակոբյանին վերագրվող դրվագներից մեկին էին առնչվում այսօրվա հարցաքննությունները։ Ըստ մեղադրանքի՝ Վլադիմիր Գասպարյանի կինը՝ Սուսաննա Գասպարյանը, գրանցված լինելով Ռազմական ոստիկանությունում, չի հաճախել աշխատանքի, բայց աշխատավարձ է ստացել: Մեղադրանքն առավել պարզ վկաներին էր ներկայացնում նիստը նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը. «Ենթադրյալ հանցագործություն է տեղի ունեցել։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ Սուսաննա Գասպարյանն աշխատանքի չի հաճախել, աշխատավարձ է ստացել, այդ գումարը հանցավոր ծագում է ունեցել, որով Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ Արշակ Հակոբյանը տրանսպորտային միջոց է ձեռք բերել, այդկերպ գումարին օրինական տեսք է տվել»,- ասում էր դատավորն ու բոլոր վկաներին հարցնում, թե ինչ է իրենց հայտնի այս ամենի մասին։ Դատարանում հարցաքննված չորս վկաներն էլ ասացին, որ այդ մասին ոչինչ չգիտեն։

Սուսաննա Գասպարյանը 2000 թվականի մայիսի 11-ից մինչև 2008 թվականի հուլիսի 24-ը զբաղեցրել է ՊՆ ռազմական ոստիկանության վարչության՝ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների և դասալիքների դեմ պայքարի բաժնի վերլուծության խմբի պետի, 2008 թվականի հուլիսի 24-ից մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը՝ նույն բաժնի ավագ սպայի, 2010 թվականի հուլիսի 1-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում՝ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների և դասալքության դեմ պայքարի բաժանմունքի ավագ սպայի պաշտոնները, այնուհետև տեղափոխվել է Ոստիկանության կադրերի վարչության տրամադրության տակ:

Հարցաքննված վկաները 1990-ականների կեսերից տարբեր ժամանակահատվածներում աշխատել են Ռազմական ոստիկանությունում ու բոլորը հայտնեցին, որ երբևէ չեն տեսել Սուսաննա Գասպարյանին։

Ուշադրություն գրավեց հայաստանյան դատական նիստերի համար արտասովոր այն հանգամանքը, որ դատավոր Վարդգես Սարգսյանը ամեն վկայի հարցաքննությունից առաջ խնդրում էր ընթերցել առջևում դրված տեքստը․ «Ցուցմունք եմ տալիս՝ ասելու ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը և չեմ ասելու ոչինչ, բացի ճշմարտությունից»։

Նիստի ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ Արշակ Հակոբյանը։ Նա նշեց, որ չի հասկանում, թե ինչու են իրեն մեղադրում. «Ես 1997-ից եմ Ռազմական ոստիկանությունում եմ աշխատել, 10 տարի հետո նոր եկել եմ Վլադիմիր Գասպարյանի մոտ։ Գասպարյանի մոտ ինձնից առաջ 20-25 մարդ ա եղել։ Հարգելի դատախազներ ջան, ես հասկանում եմ ձեզ՝ քննել են, բերել են, տվել են… Պարոն Գասպարյանը շատ խիստ ղեկավար է եղել, որին ես ճանաչում եմ։ Հիմա, ասենք, մի կոոպերատիվի նախագահը, որ իր բանվորին կանչի-ասի՝ խանութից բան առ բեր, ասի՝ «հլը մի վայրկյան, էս փողը քեզ որտեղի՞ց»։ Իսկ որտե՞ղ էր գրված, որ ես ոստիկանապետին իրավունք ունեմ ասելու՝ էդ փողերը որտեղից, նոր գնամ ավտո առնեմ, ուր մնաց տիկին Սուսաննայի փողերից տեղյակ լինեմ»,- ասաց Հակոբյանը։

Լուսանկարը՝ Հետքի

Մեկնաբանել