Մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լաչին/Բերձոր քաղաքում հանդես է եկել ելույթով՝ կրկին վերջնագրեր ներկայացնելով Արցախին և Հայաստանի իշխանություններին։ Ալիևը, մասնավորապես, ասել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություն սկսելու բոլոր հնարավորություններն ունի՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը պետք է ցրվի, նախագահը պետք է հանձնվի, իսկ նախարարներն ու պատգավավորները պետք է լքեն իրենց պաշտոնները։ Ադրբեջանի նախագահը հավելել է, որ միայն այդ ամենից հետո հնարավոր է լինելու մտածել համաներման մասին։
Ալիևը հայտարարել է նաև, որ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան պետք է իրականացվի Ադրբեջանի պայմաններով՝ նշելով, որ եթե դելիմիտացիան տեղի չունենա, սահմանը լինելու է այնտեղ, որտեղ նրանք կցանկանան։
Մեծ հաշվով Ադրբեջանի նախագահը Լաչինում հնչեցրել է այն ռազմավարական նպատակները, որոնք Բաքուն հետապնդում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Այնուամենայնիվ, պատահական չէ նաև, որ վերոնշյալ ռազմատենչ հայտարարությունները հնչեցվել են այս ժամանակահատվածում, երբ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, կարծես թե, մտել են եզրափակիչ փուլ։
Ինչպես հայտնի է, խաղաղության պայմանագրի օրակարգում կողմերի մոտեցումների միջև ամենաառանցքային տարբերությունը Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցային մեխանիզմի ստեղծման հարցում է։ Երևանը պնդում է, որ այդ մեխանիզմը պետք է լինի միջազգային կամ միջազգային ակտիվ ներգրավվածությամբ, Բաքուն բացառում է միջազգային մեխանիզմի ստեղծման հնարավորությունը։ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ առանց այս հարցի շուրջ համաձայնության հնարավոր չէ որևէ փաստաթուղթ ստորագրել Ադրբեջանի հետ։
Լաչինում արած իր հայտարարություններով Ալիևը փաստացիորեն բացառում է ոչ միայն միջազգային բանակցային մեխանիզմի ստեղծման, այլև Բաքու-Ստեփանակերտ որևէ երկխոսության հնարավորությունը։ Եթե Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղում որևէ ներկայացուցչական մարմին չպիտի գոյություն ունենա, ապա պարզ չէ, թե ում հետ նրանք պետք է բանակցություններ վարեն։
Այս ելույթով Ադրբեջանի նախագահը հերթական անգամ բացառել է նաև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքների քննարկումը։ Ալիևը իր հայտարարության մեջ նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ընդունեն Ադրբեջանի օրենքները և ապրեն որպես «լոյալ և նորմալ քաղաքացիներ»։
Ակնահայտ է նաև, որ այս հայտարարություններով Ալիևը ազդարարում է Արցախում նոր ռազմական սադրանքների իրականացումը։ Սա վերջին շրջանում Ադրբեջանի համար սովորական դարձած գործելաոճ է։ Լաչինի միջանցքի արգելափակումից առաջ ևս Բաքուն ուղիղ տեքստով խոսում էր դրա մասին։ Հատկանշական է, որ վերջին շրջանում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ևս տեղեկատվական հող է նախապատրաստում նմանատիպ գործողությունների համար՝ հայտարարելով, որ Արցախի Պաշտպանության բանակը խախտում է հրադադրի ռեժիմը առաջնագծի տարբեր հատվածներում։ Վերջին օրերին ադրբեջանական կողմը մեծացնում է նաև առաջնագծում կիրառվող զինատեսակների տրամաչափը։
Ալիևի հայտարարությունն այն մասին, թե դելիմիտացիան պետք է իրականացվի Ադրբեջանի պայմաններով, ևս ուշագրավ է։ Սա փաստացիորեն պատմական քարտեզների հիման վրա դելիմիտացիայի գործընթացի վերաբերյալ խոսույթի շարունակությունն է։
Հատկանշական է նաև, որ մինչ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քառակուսի կիլոմետր սահմաններում ճանաչելու մասին, Հայաստանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ սահմաններով ճանաչելու մասին հայտարարություններ Բաքվից չէին հնչում։ Ամենայն հավանականությամբ, կողմերը Բրյուսելում չեն կարողացել համաձայնության գալ նաև քարտեզների շուրջ, որոնք պետք է լինեն դելիմիտացիայի գործընթացի հիմքում։ Այդ առումով պետք է արձանագրել, որ ՀՀ իշխանությունները հերթական անգամ գնացել են լուրջ զիջումների՝ փոխարենը ոչինչ չստանալով։
Ադրբեջանի նախագահի այս ելույթը ցույց է տալիս, որ Բաքուն հակված կլինի որևէ փաստաթուղթ ստորագրել Հայաստանի հետ, միայն այն դեպքում, եթե այն լինի կապիտուլյացիոն բնույթի և թույլ կտա լեգիտիմացնել իր ագրեսիվ գործողությունները գետնի վրա։ Ալիևի հայտարարություններից կարելի է դատել նաև, որ Ադրբեջանը լուրջ ռազմական սադրանքների է նախապատրաստվում Լեռնային Ղարաբաղում։ Այդ առումով Հայաստանի իշխանությունները պետք է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը տարբեր ազդեցիկ դերակատարների կողմից օրակարգային խնդիր դարձնեն։ Տարբեր վստահելի աղբյուրներ հաղորդում են, որ Միացյալ Նահանգները դիտարկում են Բաքվի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը, եթե վերջինս Լեռնային Ղարաբաղում լայնածավալ ռազմական գործողություններ սկսի։ Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա Երևանը պետք է ակտիվացնի աշխատանքներն այս ուղղությամբ։