Մեկ տոննա կոկաինի գործով հետախուզում է հայտարարվել Միհրան Պողոսյանի նկատմամբ․ ԱԱԾ

Մեկ տոննա կոկաինի գործով հետախուզում է հայտարարվել «Մրգենի» ընկերության փաստացի սեփականատեր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ, հայտնում է ազգային անվտանգության ծառայությունը։

«Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա որոշումներ են կայացվել հանցավոր խմբի անդամներ, «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ Մ.Պ-ի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, Մ.Պ-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- ասված է հաղորդագրությունում։

***

Ավելի վաղ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ Հայաստան է ներմուծվել կոկաին տեսակի մոտ մեկ տոննա քաշով թմրամիջոց․ «Պարզվել է, որ ՀՀ-ում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով Հայաստան է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն Եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում»,- հայտնել է ԱԱԾ-ն։

Մեկնաբանել