ԱՄՆ պետդեպը ողջունում է Ալիևի՝ ԼՂ պաշտոնյաների նկատմամբ «համաներումը քննարկելու» հայտարարությունը

ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաների նկատմամբ համաներումը քննարկելու հայտարարությունը։

«Ուրախ ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են։ Ինչպես հայտարարել էր պետքարտուղար Բլինքենը, Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է։ Վերջերս մենք բարձր ենք գնահատել վարչապետ Փաշինյանի հավատարմությունը խաղաղությանը, և մենք ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները (ԼՂ պաշտոնյաների նկատմամբ – խմբ․) համաներում քննարկելու մասին»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հայտարարությունում։

Միլլերը հույս է հայտնել, որ Քիշնևում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը արդյունավետ կլինի «խնդիրները բանակցային սեղանի շուրջ լուծելու համար, այլ ոչ բռնության միջոցով»։

«Ագրեսիվ հռետորաբանությունը կարող է հանգեցնել միայն անցյալի բռնության շարունակականությանը։ Կառուցողական երկխոսությունը ինչպես հրապարակային, այնպես էլ փակ, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություններ և հույս։ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել երկու կողմերին` կնքելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր»,- ասված է պետքարտուղարության հայտարարությունում։

Մայիսի 28-ին Լաչինում Իլհամ Ալիևը հայտարարել է՝ «Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին»։ Ալիևը նաև նշել է, որ բոլոր ԼՂ նախագահը, նախարարները, պատգամավորները պետք է լքեն իրենց պաշտոնները և «հանձնվեն»․ «Միայն այդ դեպքում նրանց նկատմամբ կարող է ներողամտություն ցուցաբերվել։ Միայն այդ դեպքում կարող է խոսք լինել ինչ-որ համաներման մասին»։

Մեկնաբանել