ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է տեղեկություն տրամադրել առևանգված երկու հայ զինծառայողների վերաբերյալ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանից պահանջել է տեղեկություն տրամադրել մայիսի 26-ին առևանգված երկու հայ զինծառայողների վերաբերյալ, հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից

«ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշում և պահանջել Ադրբեջանից հունիսի 6-ը ներառյալ տրամադրել հետևյալ տեղեկությունը՝ արդյոք 2 զինծառայողները գերու կամ այլ կարգավիճակում գտնվում եմ Ադրբեջանի տիրապետության տակ: Եթե այո, Դատարանը Ադրբեջանից պահանջել է տրամադրել տեղեկություն զինծառայողների պահման պայմանների և բժշկական հետազոտությունների մասին»,- ասված է հաղորդագրությունում։

Մայիսի 28-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից երկու հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ և պահանջել միջանկյալ միջոց կիրառել՝ զինծառայողների կյանքի իրավունքն ապահովելու նպատակով։

***

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 26-ին Ադրբեջանն ապօրինի առևանգել է մարտական հենակետեր սնունդ մատակարարող Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ Հարություն Հովագիմյանին և Կարեն Ղազարյանին։

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հաղորդել էր իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարած երկու հայ զինծառայողների ձերբակալության մասին։

Հայկական կողմը հերքել էր դիվերսիոն ներթափանցման վերաբերյալ Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը և հրապարակել էր միջդիրքային ճանապարհին հրապարակված երկու զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար․ «Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ»։

Մեկնաբանել