ԱՄՆ-ն պետք է համարժեք արձագանքի Ալիևի՝ ԼՂ-ում էթնիկ զտումների հայտարարություններին․ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի մամուլի քարտուղար Անի Բադալյանը մեկնաբանել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի՝ Ալիևի հնչեցրած մտքերի վերաբերյալ հայտարարությունը։ Մեկնաբանությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հայկական կողմը մշտապես ողջունել է ԱՄՆ կողմից գործադրվող ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման գործընթացում:

Կարծում ենք՝ մեր բոլոր գործընկերների համար ակնհայտ պետք է լինի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային են ինչպես Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչումը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը: Ինչպես ընդգծել ենք ՀՀ ԱԳՆ մայիսի 29-ի հայտարարությամբ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ ժողովրդի դեմ էթնիկ զտումներ և ինքնիրավչություն իրականացնելու իրավասություն:

Անհնար է չնկատել, որ Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 28-ին արված հայտարարությունները ոչ միայն չէին առաջարկում արժանապատիվ լուծումներ վերոնշյալ խնդիրներին, այլև հստակ սպառնալիքներ էին պարունակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու անկախության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի նկատմամբ, ինչի մասին հայկական կողմը բազմիցս ահազանգել է։

Կարծում ենք, որ Միացյալ Նահանգները, ելնելով ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության իր իսկ դավանած արժեքներից և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հանձնառությունից և ներգրավվածությունից, պետք է համարժեք արձագանքի այս հայտարարություններին՝ կանխելու Ադրբեջանի ղեկավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները»,- ասված է մեկնաբանությունում։

***

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մայիսի 30-ին հայտարարություն էր տարածել՝ ողջունելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաների նկատմամբ համաներումը քննարկելու հայտարարությունը։

«Ուրախ ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են։ Ինչպես հայտարարել էր պետքարտուղար Բլինքենը, Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է։ Վերջերս մենք բարձր ենք գնահատել վարչապետ Փաշինյանի հավատարմությունը խաղաղությանը, և մենք ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները (ԼՂ պաշտոնյաների նկատմամբ – խմբ․) համաներում քննարկելու մասին»,- ասված էր հայտարարությունում։

Մայիսի 28-ին Լաչինում Իլհամ Ալիևը հայտարարել է՝ «Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին»։ Ալիևը նաև նշել է, որ բոլոր ԼՂ նախագահը, նախարարները, պատգամավորները պետք է լքեն իրենց պաշտոնները և «հանձնվեն»․ «Միայն այդ դեպքում նրանց նկատմամբ կարող է ներողամտություն ցուցաբերվել։ Միայն այդ դեպքում կարող է խոսք լինել ինչ-որ համաներման մասին»։

Մեկնաբանել